«Տեղեկություն ունենք, որ պայման է դրվում՝ կամ կոնվենցիան վավերացվում է, կամ չի լինելու Եվրոպայի հետ հարաբերությունների խորացում». Չախալյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Եկել ենք, մեր ձայնը հասցնենք, որպեսզի Եվրոպայից եկած հյուրերը հասկանան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքին հակառակ որևէ փաստաթուղթ Հայաստանում չի վավերացվելու: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը:
Բողոքի ակցիան իրականացվում է ընդդեմ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք ժամանել են Հայաստան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված քննարկումներ անցկացնելու:
«Տեղեկություն ունենք, որ շատ մեծ ճնշում կա ՀՀ-ի վրա, անգամ պայման է դրվում, որ կամ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնող փաստաթուղթը վավերացվում է, կամ չի լինելու Եվրոպայի հետ բոլոր տեսակի հարաբերությունների խորացում: Բայց մեզ համար կարևորը մեր ազգային գոյության ձևի, տեսակի պահպանության հարցն է»,-ասաց Չախալյանը` նշելով, որ այսօրվա քննարկումը ևս ճնշումների արդյունքում է կայանալու:
«Կամք» ՀԿ-ի նախաձեռնած ակցիային միացել է նաև «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, որն իր ելույթում նշեց, որ ներկայիս իշխանությունը խախտել է նախընտրական խոստումները:
«Այսօր ԱԺ պատերի հետևում ծվարել են մարդիկ, որոնք կազմակերպել են հերթական գաղտնի քննարկումը: Երբ մենք մեր պնդումներն անում ենք Ստամբուլյան կոնվենցիայի և այլ խնդիրների վերաբերյալ, ահա այս պատերի հետևում ծվարած բազմաթիվ իմքայլական պատգամավորներ ասում են` «Ժողովուրդը մեզ տվել է իր վստահության քվեն, և մենք անելու ենք այն, ինչ գտնում ենք ճիշտ», բայց նրանք մոռանում են, որ ընտրությունների ժամանակ հանրությանը չեն ասել, որ գալու են պղծություններ մտցնելու համար: Նրանք հանրությանը չեն ասել, որ սատանիզմ են բերելու Հայաստան, նրանք հանրությանը չեն ասել, որ ծաղրի առարկա են դարձնելու հայու գենը»,-ասաց Խաչատրյանը:
Բողոքի ակցիային միացած «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ նշեց, որ ակցիայի մասնակիցները փաստում են՝ ՀՀ-ում բոլորը դեմ են այլասերմանը: «Ինչ է նշանակում ընդունել Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ-ում: ՀՀ ԱԺ-ն անգամ իրավունք չուներ քննարկել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցը: Մենք վավերացնում ենք այն ամենը, ինչ ստորագրվել է նախկինում, մինչդեռ պետք է մերժեինք»,-ասաց Աղեկյանը:
Բողոքի ակցիան շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում