Դատավճիռը կոչված է երկրի քաղաքական կյանքից ինձ բացառելու համար. Ս. Բեռլուսկոնի
Նմանատիպ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համոզված է, որ հունիսի 24-ին իր նկատմամբ կայացված դատավճիռը, որը 7 տարվա բանտային կալանք է նախատեսում անչափահասների սեռական ծառայություններից օգտվելու համար, կոչված է թույլ չտալ իր մասնակցությունը Իտալիայի քաղաքական կյանքին, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ինձ դատապարտելու համար ոչ փաստեր են եղել, ոչ էլ բավարար ապացույցներ: Այդ որոշումը կոչված է միայն ինձ բացառել երկրի քաղաքական կյանքից: Բայց ես հերթական անգամ պայքարելու եմ, որովհետեւ մեղավոր չեմ»,- նշել է Բեռլուսկոնին: Նա հավելել է, որ դատարանի վճիռը «վիրավորում է բոլոր այն իտալացիներին», ովքեր հավատում էին իրեն որպես քաղաքական առաջնորդի:
Միլանի դատարանը հունիսի 24-ին Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել դրամական վարձատրության դիմաց անչափահասների սեռական ծառայություններից օգտվելու մեջ եւ նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման: Այդ հանցագործությունը թաքցնելու նպատակով ծառայողական դիրքը չարաշահելու համար քաղաքական գործչին ցմահ արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ: Նախկին վարչապետի փաստաբանները որոշում են ընդունել բողոքարկել դատարանի կայացրած վճիռը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում