Էրդողանը չի ցանկանում, որ Թուրքիան ԵՄ լիիրավ անդամ դառնա. Ջեմ Օզդեմիր
Նմանատիպ
Գերմանիայի կանաչների կուսակցության’ ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը Բեռլինում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից կազմակերպված երկխոսության հարթակում, անդրադառնալով Թուրքիայի’ Եվրամիությանն անդամակցության բանակցություններին, հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանում, որ իր երկիրը ԵՄ լիիրավ անդամ դառնա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական T24 անկախ լրատվական կայքը, Օզդեմիրը քննադատել է Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին եւ Էրդողանին’ ասելով, թե «Էրդողանը միայն ցույց է տալիս, որ ցանկանում է մտնել ԵՄ, իսկ Մերկելն էլ ցույց է տալիս, թե իբր Թուրքիան ունի այդ հնարավորությունը»:
Նշելով, որ ինքը կողմ է, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները չընդհատվեն, թուրք կանաչն ասել է. «ԵՄ-ը պետք է անակնկալ մատուցի Էրդողանին եւ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունները: Էրդողանն առանց այն էլ չի ցանկանում ԵՄ լիիրավ անդանակցություն: Նա ԵՄ-ի եւ ժողովրդավարության գնալու կարիքը ուներ իշխանության գալու համար, իսկ քանի որ այդ կարիքն այլես չունի, փոխել է դիրքորոշումը»:
Ընդգծելով, որ Թուրքիան այլեւս իրավական պետություն չէ, իսկ բանակցությունների դադարեցումը միայն ցուցարարներին պատժելու իմաստ է կրելու, Օզդեմիրն ասել է, որ ԵՄ-ը պետք է այդ ոլորտում շարունակի ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, ինչը, նրա կարծիքով’ այդ երկրի ներքին գործերին միջամտել չի նշանակում, քանի որ Թուրքիան համարվում է ԵՄ անդամության թեկնածու երկիր:
Թուրքիայի’ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թ-ին: Այդ ժամանակից ի վեր, կողմերը քննարկել են 35 կետերից միայն 13-ը, որոնք պետք է կատարի Թուրքիան, որպեսզի բավարարի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ պայմաններին: Բանակցությունները բազմիցս բարդացվել են հակամարտություններով եւ տարաձայնություններով, որոնք հանգեցրել են դրանց դադարեցմանը: Վերջին երեք տարում կողմերը չեն բացել ոչ մի նոր տեխնիկական խորագիր, ընդ որում, ներկա դրությամբ’ Թուրքիան կարողացել է բանակցությունները փակել դրանցից միայն մեկի գծով:
Այսօր հայտնի է դարձել, որ Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների հավաքում որոշվել է Թուրքիայի’ ԵՄ անդամակցության բանակցություններում նոր խորագրեր բացելու մասին հարցին անդրադառնալ Թուրքիայի’ 2013 թ. ԵՄ առաջընթացի զեկույցը տարեվերջին լսելուց հետո: Նշվել է, որ եթե 2013 թ. առաջընթացի զեկույցում ԵՄ-ը Կոպենհագենի չափանիշների շուրջ Թուրքիայի համար առաջընթաց չգրանցի, ապա այդ երկրի’ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները կդադարեցվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում