Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ինդոնեզիայում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով մոտ 5 մարդ է մահացել, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները, հայտնում է Daily Mail պարբերականը` հավելելով, որ երկրում նաև 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Անձրևների հետևանքով գոյացած ցեխաջուրը ողողել է նախագահական պալատը, գլխավոր հիվանդանոցն ու մայրաքաղաք Ջակարտայի թաղամասերը:
Հորդառատ անձրևները երկրում սկսվել են վերջերս կործանարար ջրհեղեղի հետևանքով քաղաքի 70 բնակչի մահանալուց ընդամենը մի քանի շաբաթ անց: Ջրհեղեղին հաջորդել է երկրի արևելյան մասում 5,9 մագնիտուդով երկրաշարժը, որը զգացվել է նաև Ավստրալիայի հյուսիսում:
Ինդոնեզիայի աղետների ազգային գործակալության տվյալներով` հինգ մահացածներից երկուսը դեռահասներ են, որոնք խորտակվել են կամ էլեկտրահարվել քաղաքի առավել տուժած հատվածներում: Գործակալության խոսնակը նշել է, որ փրկարարական թիմն այժմ որոնողական աշխատանքներ է իրականացնում գտնելու երեք այլ հնարավոր զոհի` հավելելով, որ մոտ 20 000 մարդ ժամանակավոր կացարաններում է ապաստան գտել:
Քաղաքի առանձին հատվածներում ջուրն ավելի քան մեկ մետր բարձրություն ունի:
Քաղաքային կյանքն ամբողջովին «կանգնել» է, հազարավոր շենքեր առանց էլեկտրաէներգիայի են մնացել, կասեցվել է նաև գնացքների աշխատանքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում