Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Կարծում եմ ՍԴ դատավորները ճիշտ են վարվել, որ չեն ընդունել իշխանության առաջարկը, իրենք իրենց աշխատանքի մեջ խնդիր չեն տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակ ուղարկելու մասին օրինագծին, որից հրաժարվեցին ՍԴ դատավորները:
«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, դա արհեստական, սարքած երևույթ է: Սահմանադրական դատարանում ճգնաժամ կլիներ, եթե ՍԴ-ն ի վիճակի չլիներ նիստեր գումարել, հարցեր քննել և պատասխաններ տալ: Հայաստանում կա խորհրդարանական ճգնաժամ: Այդ ճգնաժամը խորհրդարանը 2018թ. դեկտեմբերի 9-ին էյֆորիայի մեջ մտած ժողովրդի ձևավորածն է, իսկ էյֆորիա այլևս չկա»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, եթե ուզում ենք երկրում որևէ խնդիր լուծել, ապա խորհրդարանական նոր ընտրություններ են անհրաժեշտ: Պեպանյանն ասաց, որ իշխանությունը փորձում էր գայթակղել ՍԴ դատավորներին՝ խոստանալով մեծ գումարներ, որոնք կվայելեին երկար ժամանակ, սակայն չստացվեց:
«Անձամբ ես, որևէ դատավորի չէի հարգի, եթե գնար այդ քայլին: Ես հրապարակային ասել եմ այդ դատավորներին, որ պետք է մտածեն հետագա սերունդների մասին, եթե որևէ մեկը գնա այդ քայլին, ապա ժողովուրդը, վաղ թե ուշ դուրս է գալու այս էյֆորիկ վիճակից, և Դուք և Ձեր սերունդները 100 տարի ամաչելու եք դուրս գալ ժողովրդի մեջ: Ես՝ որպես քաղաքագետ և վերլուծաբան, ողջունում եմ դատավորների այս քայլը, որ իսկապես չտրվեցին գայթակղությանը»,-նշեց Պեպանյանը:
Վերլուծաբանը համաձայն է այն առաջարկին, որ փետրվարի 27-ը հռչակվի Հայաստանի արդար դատարանի վերականգնման օր: Նրա խոսքով, դատավորները ապացուցեին, որ կարող են դիմակայել:
«Այսօր Նիկոլ Փաշինյանի մասին էլ են համացանցում շատ բաներ գրում, պահանջում՝ հեռանա, ինչի՞ չի հեռանում: Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում ՍԴ-ից, դուրս գանք ու շրջենք, հարցնենք մարդկանց, թե հանրաքվեում ինչ հարց է դրվում, ինչի համար է, և ինչ լավ ու վատ կողմեր ունի: Հազարից մեկը կկարողանա բացատրել: Այս ամենը կեղծ օրակարգ է»,- ասաց քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում