Իսրայելցի պաշտոնյաները սպառնացել են Թուրքիային
Նմանատիպ
Թուրքիայի և Իսրայելի միջև Մավի Մարմարա նավի գործով սկսված բանակցային գործընթացը մտել է փակուղի պաշտոնական Անկարայի կողմից սեփական պարտավորությունները չկատարելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը:
Պարբերականը նշել է, որ Թուրքիան հարձակման ժամանակ նավի վրա զոհված 9 թուրք զինվորների ընտանիքներին հատկացվելիք փոխհատուցման չափը 40 միլիոն ԱՄՆ դոլարից իջեցրել է 24 միլիոնի, սակայն իսրայելական կողմը հրաժարվում է վճարել 14 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի: Yedioth Ahronoth պարբերականի հետ զրուցած իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայի նման վերաբերմունքն անվանել են «անհարգալից և նվաստացուցիչ»: «Մեզ խաբեցին, արդեն ժամանակն է, որպեսզի Թուրքիան վճարի իր այս կոշտ վերաբերմունքի համար»,- ասել է մի իսրայելցի պաշտոնյա:
Մարտի 22-ին Իսրայելի և Թուրքիայի վարչապետներ Բենիամին Նեթանյահուի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իսրայելական կողմը ներողություն էր խնդրել 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա գործած հարձակման արդյունքում մարդկային զոհերի համար: Կողմերը պայմանավորվել էին այն մասին, որ Իսրայելը նյութական փոխհատուցում կվճարի սպանված 9 թուրքերի ընտանիքներին:
Թուրքիայի և Իսրայելի պատվիրակություններն արդեն մի քանի անգամ հանդիպել են քննարկելու փոխհատուցման չափն ու ձևը, սակայն վերջնական պայմանավորվածություն մինչ օրս ձեռք չի բերվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում