«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
Նմանատիպ
Գրեթե մեկ տարի ուրիշ ոչնչով չեմ զբաղվել, Կոմիտասից զատ: ՈՒսումնասիրել եմ ահռելի գրականություն, որից իմ աշխատասիրության համար գործածել եմ 180 միավոր գիրք, տարեգիրք, թերթ և ամսագիր (չհաշված տասնյակ այլ աղբյուրներ, որոնցից չեմ օգտվել, բայց պարտավոր էի իմանալ), ստուգել ու վերստուգել եմ մեծաթիվ հայտնի և անհայտ փաստեր: Դա տքնանք էր: Հանուն ինչի՞. դա բացատրել եմ նախաբանում:
Վարդապետի ժամանակակից, նահատակ բանաստեղծ Դանիել Վարուժանն ասում էր. «Մարդիկ անպատճառ հրատարակելու համար չէ որ պիտի գրեն, այլ իրենց հաճոյքին համար»: Դա իմ պարագայում էլ է մասամբ իրավացի, «հաճոյք» էր, դառնաղի հաճույք, որը, սակայն, պարտավոր էի լույս աշխարհ բերել:
Պետական մարմիններին դիմելն անիմաստ էր, դրանք` ու՜ր, Կոմիտասն` ու՜ր:
Կարող էի սեփական միջոցներով, նեղլիկ տպաքանակով գիրք տպագրել, բայց դա ինձ զուտ ֆինանսական վնաս էր պատճառելու: Ես կարիք ունեի որքան հնարավոր է շատ ընթերցողների հասցնելու Կոմիտասի ի՛մ ընկալումը:
Ահա թե ինչու ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Իրատեսին» սրտացավ պատրաստակամության համար` աշխատանքիս լրագրային տարբերակը հրապարակելու համար:
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Ես երաժշտագետ չեմ, և այս աշխատանքը հղանալիս մտադիր չեմ եղել երաժշտագիտական որևէ վերլուծության փորձ անել. դա կատարել են այլ երախտավորներ: Ինձ հետաքրքրել են Կոմիտասի անձը, հոգեկան ներաշխարհը, մտածելակերպը և այն, ինչ նա ժառանգել է մեր ժողովրդին:
Կոմիտասը որքան խորհրդանիշ է, հուշարձան ու կուռք, նույնքան էլ հողեղեն արարած, մարդ՝ բառի ամենալայն իմաստով: Բայց և սովորական մարդ չէր, Աստծո կնիքը կրող էակ էր, որը բեկեց հայ ժողովրդի ճակատագիրը: Կյանք տվեց…
Հնարավո՞ր էր ավելի քան մեկ դարի ընթացքում նրա մասին կուտակված ամբողջ նյութը գիտակցել, մարսել և ամփոփել. իհարկե՝ ոչ, այն անսպառ է: Ինչպես ինձնից առաջ է եղել, այնպես էլ ինձնից հետո դեռ շատերը կանդրադառնան նրան, և ամեն անդրադարձ կլինի հերթականը: Բայց ամեն հերթական պիտի ունենա իմաստ ու նշանակություն: Իմ այս գրվածքն էլ է հերթականը: Եվ չէի ցանկանա, որ սա ընկալվեր որպես զուտ գիտական աշխատություն, այդ իսկ պատճառով, թեպետ հիմքում ունենալով 70 աղբյուր (իմա՝ 180 միավոր գիրք, տարեգիրք, թերթ և ամսագիր), ես խուսափել եմ տողատակի ծանոթագրություններից:
Այս աշխատանքը ստուգված ու վերստուգված բազմաթիվ փաստերի հիման վրա գրված հրապարակախոսություն է: Ժանրն այդ պիտի լիներ, որովհետև ինձ խիստ մտահոգում է համաշխարհային ալեկոծ օվկիանում հողմածեծ եղող Հայոց նավակի ապագան: Ես անհանգիստ եմ Հայրենիքից ու Հողից արմատախիլ եղած և ամեն օր արմատից կտրվող ազգակիցներիս ճակատագրով: Երկյուղ ունեմ նաև սեփական ապագայի ու ճակատագրի հանդեպ: Այդ վախը նոր չէ, այն ուղեկցում է ամեն մտածող մարդու՝ իր ողջ կյանքի ընթացքում: Բայց ես ապրելու ելք գտա հանձին Կոմիտասի, և համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա ի՛ր Կոմիտասը:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ահա Կոմիտասի ինքնակենսագրությունը, որ գրել է սեփական ձեռամբ 1908 թ. հունիսի 24-ին, և սա տիպական CV-ի է՝ Curriculum vitae, լատիներենից թարգմանաբար՝ կյանքի ընթացք, կյանքի և մասնագիտական ունակությունների հակիրճ նկարագրություն:
Այդ ինքնակենսագրությունը առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրի մայիսյան համարում և առնչվում է բանաստեղծ, հրապարակախոս Լիպարիտ Նազարյանի (գրական կեղծանունով՝ Ռուբեն Լեռնյան) հետ: Հրապարակման համար Ռ. Լեռնյանը այսպիսի նախաբան էր գրել. «1908-ի աշնան վերջերը Թիֆլիս կը գտնուէի: Օր մը Կոմիտաս Վարդապետը, որ կարճ ատենով Էջմիածնէն նոյն քաղաքը եկած էր, դիմեց ինձ, խնդրելով ռուսերէնի թարգմանել իր ինքնակենսագրութիւնը, որ իրմէ ուզած էր Պետերսբուրգի ռուս երաժշտական հանդէսներէն մէկը:
ՈՒրախութեամբ ընդունեցի իր առաջարկը: Սակայն քանի մը օրէն ստիպուած էի թողուլ Կովկասը և անցնիլ արտասահման: ՈՒրիշ ձեռագիրներու թուին կրցայ հետս տանիլ նաև Կոմիտաս Վ.-ի կենսագրութիւնը, խորհելով թէ թարգմանութիւնը արտասահմանէն կը ղրկեմ իրեն: Բայց հազիւ Ռուսիոյ սահմանը անցած, հիւանդացայ և հարկադրուեցայ քանի մը ամիս մնալ սանատորիումի մը մէջ: Կազդուրուելէ ետքը եկայ Պոլիս ու նորէն հոն հանդիպեցայ Կոմիտաս Վ.-ին: Յիշեցուցի իր գրութեան մասին ու հարցուցի, թէ պէտք կա՞յ այժմ թարգմանելու: «Ձգէ», ըսաւ, «Ես որ մոռցեր էի անոր մասին, ռուսերը հաւանօրէն աւելի շուտ մոռցած պիտի լինին»: «Ի՞նչ ընեմ հապա ձեռագիրդ»: «Պահէ՛ քովդ, օր մը թերևս պէտք գայ»:
Կը խորհիմ, թէ օրը եկած է: Շատոնց կ՛ուզէի հրատարակութեան յանձնել այդ անպաճոյճ գրութիւնը, բայց միշտ կը յուսայի, թէ տարաբախտ արուեստագէտը կը բժշկուի իր ծանր տառապանքէն ու այն ատեն՝ իր օգնութեամբ լրացնելով գրութիւնը, իրեն աւելի վայել ձևով հրատարակութեան կը յանձնուի:
Ճակատագիրը սակայն ուրիշ կերպ տնօրինեց. խեղճ Կոմիտաս Վ.-ի վիճակը այլևս անյուսալի կը նկատուի, ու ինքն ալ կարծես արդէն բոլորովին մոռցուած է այն հասարակութենէն, որը տարիներ շարունակ հրճուանքի և ոգևորութեան ոչ մէկ արտայայտութիւն կը խնայէր անոր համար: Անցեալները գոնէ թերթերու մէջ երբեմն տեղեկութիւններ կը տրուէին իր առողջական կացութեան մասին, իսկ այժմ ահա գրեթէ երկու տարի է որ իր անունը շատ քիչ կը յիշուի: Այսպէսով, ինքնակենսագրութիւնը արդէն տեսակ մը պատմական նշանակութիւն ունի, ինչ որ ոչ միայն կ՛արդարացնէ, այլև անհրաժեշտ կը դարձնէ իր հրապարակութիւնը:
Դպրոցական տետրակէ մը փրցուած եօթ թերթիկներ են, որոնցմէ առաջինին վրայ գրիչի փութկոտ ու լայն շարժումներով և երկաթագրին մօտեցող գլխատառերով գրուած է.
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԿՈՒՏԻՆԱՑԻ
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ
1908 ՅՈՒՆԻՍ 24
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ»:
Ինքնակենսագրությունն ավարտվում է Կոմիտասի տպագիր և անտիպ աշխատությունների ցանկով:
1931-ին նույն փաստաթուղթը նույնակերպ, բայց սեփական ծանոթագրություններով, Փարիզի «Անահիտ» ամսագրում տպագրում է Ա. Չոպանյանը:
1936-ին Մխիթարյան Հայր Ղ. Տայանը նույնը տպագրում է «Բազմավէպ»-ում՝ իր ծանոթագրություններով, բայց առանց Կոմիտասի աշխատությունների ցանկի հատվածի:
Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ բան՝ վարդապետը իր ցանկում չի նշում ևս մեկ տպագիր աշխատանքի մասին: 1903 թ. Սանկտ Պետերբուրգում, Ե. Բաղդասարյանցի ու Դ. Օքրոյանի խմբագրությամբ, հրատարակվում է «Գեղարուեստական ալբօմ Յ. Կ. Այվազովսկու յիշատակին» ծավալուն ժողովածուն, որի երաժշտական բաժնում տպագրվում է Կոմիտասի «Լօռեցիների գութանի հոռովելը» (իմա՝ «Լոռվա գութաներգը»): Ահա այս հրապարակումը Կոմիտասը չի նշում իր աշխատությունների ցանկում: Ինչու՝ չգիտեմ:
Այժմ անդրադառնանք բուն ինքնակենսագրությանը:
Վարդապետը գրում է. «Ծնուել եմ 1869 թուին, սեպտեմբերի 26-ին, Փոքր Ասիայի Կուտինա կամ Քիւթահիա քաղաքում: Երրորդ օրն ինձ մկրտել են և անունս դրել Սողոմոն:
Հայրս՝ Գէորգ Սողոմոնեանը քիւթահիացի է, իսկ մայրս՝ Թագուհի Յովհաննիսեանը բուրսացի: Երկուսն էլ հայ են»:
«Երկուսն էլ հայ են» շեշտումը իր համար կարևոր էր, և ուշագրավ է, որ գրում է ներկա ժամանակով: Բայց հետաքրքիր է մեկ այլ բան՝ հոր ազգանվան վրա իր ձեռքով տողատակի ծանոթագրություն է նշել. [«Սողոմոնեանները ու Քիւթահիայի հայ հին ընտանիքները հայկական զոք ցեղիցն են և գաղթել են ԺԷ դարու վերջում Գողթն գաւառի Ցղնայ գիւղից»:
Ցղնա գյուղն իրենից ի՞նչ է ներկայացնում: Ըստ մերօրյա քարտեզի, գտնվում է Ադրբեջանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Օրդուբադ քաղաքի մոտ: Հնում Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառի գեղատեսիլ, շենշող բնակավայր էր, ուներ երեք եկեղեցի, դպրոց: 1989 թ. վերջին հայերին ստիպեցին լքել գյուղը, հայրենազրկեցին, բռնազավթեցին ու հայի հետքը վերացրին:
Լավ, Կոմիտասի նախնիները XVII դարում Ցղնայից գաղթել են Կուտինա: Այդ քաղաքը գտնվում է Պոլսից ու Բուրսայից հարավ, Իզմիրի և Անկարայի մեջտեղում: Հայերն այստեղ հայտնվել են XIV-XV դարերում և ունեին երկու եկեղեցի՝ Սբ Աստվածածին ու Սբ Թեոդորոս: Նրանք ապրում էին առանձին թաղամասում, որը վերջանում էր Աճեմ դաղ լեռան ստորոտին: Հայերի գրեթե կեսը զբաղվում էր կոշկագործությամբ, մյուս կեսը գորգ էր գործում ու հախճապակի արտադրում, որը մեծ հռչակ էր վայելում ոչ միայն Թուրքիայում, այլև հետագայում՝ Եվրոպայում և անգամ Ամերիկայում: Կոմիտասի հայրն ու հորեղբայրը կոշկագործներ էին:
Սակայն դառնամ նրա ինքնակենսագրությանը. «Հօրս ու մօրս ազգատոհմը ի բնէ ձայնեղ է: Հայրս ու հօրեղբայրս՝ Յարութիւն Սողոմոնեանը յայտնի դպիր են եղել մեր քաղաքի Ս. Թէոդորոս եկեղեցում:
Մայրս վախճանվել է 1870 թուին, իսկ հայրս՝ 1880 թուին: Ծնողներիս մահից հետո ինձ՝ միամօր զաւակիս, դաստիարակել և ուսմանս մասին մեծ հոգ է տարել հօրական տատս՝ Մարիամը»]:
Մանչուկ Սողոմոնը չորս տարի հաճախում է դպրոց, երբ 1880-ին վախճանվում է հայրը, թողնելով իր որբին: «1881 թուին մեր վիճակի առաջնորդը Գէորգ վարդապետ Դերձակեանը պէտք է գնար Սուրբ Էջմիածին եպիսկոպոս ձեռնադրուելու: Գէորգ Դ Ամենայն Հայոց Կաթուղիկոսը հրամանագրել էր, որ առաջնորդը հետը բերէ և մի որբ աշակերտ, իր Ս. Էջմիածնում հիմնած Մայր Աթոռի Գէորգեան ճեմարանի համար: Քսան որբի մէջ վիճակն ինձ ընկաւ և առաջնորդն ինձ Ս. Էջմիածին բերաւ»:
Եվ Սբ Էջմիածնում տեղի է ունենում մի ուշագրավ դիպված: Գևորգ Դ կաթողիկոսը ցանկանում է տեսնել տղային ու խիստ զայրանում է, որ երեխան միայն թուրքերեն է խոսում:
Տարօրինակ բան չկար, Կուտինայի հայերը թրքախոս էին: Միայն հոգևոր դասն էր, որ գրաբարով պատարագ էր մատուցում, ծեսեր կատարում, շարականներ երգում, իսկ հայերը, որոնք թրքախոս էին, բայց ոչ թրքացած, անտեսանելի, աներևույթ թելերով կապված էին և մայրենիին, և իրենց հավատքին:
Սողոմոնը որբի հանդգնությամբ կաթողիկոսին պատասխանում է.
-Հենց դրա համար էլ ինձ բերել են, որ հայերեն սովորեմ:
-Ապա, ի՞նչ գիտես,-հարցնում է կաթողիկոսը:
-Երգել գիտեմ,-համարձակորեն պատասխանում է երեխան:
ՈՒ երգում է իր աստվածատուր սոպրանոյով: Երգում է «Լոյս զուարթ», առանց բառ իսկ հասկանալու, պարզապես լսել էր ու բացառիկ երաժշտական լսողության շնորհիվ մտապահել:
Դա այնպիսի ազդեցություն է գործում կաթողիկոսի վրա, որ սկսում է լաց լինել, և տարիներ անց Կոմիտասը պատմում է, թե ինչպես էին արցունքները հոսում և կորչում վեհափառի թավ մորուքի մեջ…
Սողոմոնի ճեմարանական դասընկեր, անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանն այսպես է նկարագրում. «ՈՒ մի օր Թուրքիայի մի անկյունից մի փոքրիկ տղա ընկաւ ճեմարան:
Վտիտ, ոսկրոտ, բարձրահասակ, նրբակազմ, մի տգեղ, հիւանդոտ տղայ: Կարծեմ կոկորդի ցաւ ուներ, և պարանոցը միշտ փաթթած էր մի ճերմակ լաթով: Ամբողջ դէմքի վրայ իշխում էին միայն իր վառ, անուշ ծիծաղկոտ աչքերը: Հակառակ իր թոյլ կազմուածքին, նա աշխոյժ էր, անհանգիստ, կատակասէր: Երգ ու երաժշտութիւնից դուրս ուրիշ ոչինչ չէր գրաւում նրան: Աշակերտական վազք ու խաղերին գրեթէ չէր մասնակցում, բայց իր ձայնը անվերջ լսւում էր դասարանից, ուր նա եռանդով սերտում էր հայկական նոտաները՝ «խօ, նէ, բա…», ապա եւրոպականը՝ «տո, րէ, մի, ֆա, սօլ»…
Փոքրիկ Սողոմոնն էր նա, որ յետոյ պիտի դառնար ազգային նշանաւոր, մեծահռչակ երաժշտագէտ Կոմիտաս»:
Ահա այս երեխան էր, որ հասակ առնելով՝ հետագա տարիներին ձեռք բերեց այլ բնութագրումներ ևս՝ միջահասակ, նիհար, ջլուտ, դեմքը դեղնավուն, աչքերն արտահայտիչ ու վառվռուն, արագաքայլ ու անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, մանուկների հետ՝ մանկավարի, ընկերներին գնահատող, բարեկամներին նվիրված, բանաստեղծ ու կոմիկ դերասան, ֆարսի վարպետ, ընթերցասեր, պարող, մաքրասեր, ուտելու մեջ պարզ ու չափավոր, չէր խմում ու չէր ծխում, ամառ թե ձմեռ քնում էր բաց պատուհանով, պառկում ուղիղ հատակի վրա, առանց ներքնակի ու բարձի:
Այնուհետև Սողոմոնը հայտնում է, որ 1890 թ. ձեռնադրվել է ավագ սարկավագ, 1893-ին՝ աբեղա, ստանալով Կոմիտաս անունը, ու նշանակվել ճեմարանի երաժշտության ուսուցիչ, դասավանդելով հայ եկեղեցական երաժշտություն, իսկ 1895 թ.՝ արժանացել վարդապետի տվչության աստիճանի:
Ապա վերջում նշում տպագրված երեք հոդված, ևս երեքը՝ գերմաներեն ու ֆրանսերեն, վեց երգարան, մեկ տասնյակ անտիպ ուսումնասիրություններ:
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում