Սիրիայից Հայաստան բերող ցամաքային միակ ճանապարհը փակվել է. Քեսաբ-Թուրքիա սահմանային անցակետը չի գործում
Նմանատիպ
Սիրիայից Հայաստան բերող վերջին ցամաքային ճանապարհը փակվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը:
«Իմ ունեցած տեղեկություններով Քեսաբ-Թուրքիա սահմանային անցակետն առայժմ փակվել է: Տեղական լրատվամիջոցներից ես իմացել եմ, որ անցակետը առայժմ փակ է լինելու»,-ասաց Ռեյիսյանը’ հավելելով, որ պատճառների մասին չի հաղորդվում, բայց կարծում է, որ սահմանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Նա նաև հայտնեց, որ չի նշվում, թե Քեսաբ-Թուրքիա սահմանային անցակետը երբ է վերաբացվելու:
Այս անցակետը Թուրքիայի հետ վերջին ցամաքային ճանապարհն էր, որը պետական հսկողության տակ էր: Սահմանի փակմումից հետո Հայաստան – Թուրքիա – Սիրիա ցամաքային ճանապարհը հնարավոր չի լինի օգտագործել, որովհետեւ մինչեւ հինգ տարի բանտարկություն է նախատեսված ոչ օրինական անցակետերը օգտագործելու դեպքում: Սիրիա-Հայաստան օդային հաղորդակցությունը ևս կաթվածահար է:
Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ է հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին: Անժամկետ դադարեցվել են նաև Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում