Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար

Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Panorama.amՕրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

Համաձայն կառավարության կողմից ընդունված որոշման՝ վարորդական վկայականի ստացման նոր կարգում փոփոխություններ կան թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակում, քննության ժամանակում, թե՛ գործանական քննության՝ վարումների վայրերի ու ժամանակի հարցերում:

Նոր կարգին մանրամասն ծանոթանալու համար Panorama.am-ը զրուցեց «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի հետ:

Նրա փոխանցմամբ՝ տեսական հարցաշարը բավականին խստացվել է:

«Նախկինում տասը հարց էր, ինը դրական պատասխանի դեպքում համարվում էր քննությունը ստացած: Այժմ քսան հարց է, որից 18 ճիշտ պատասխանն է համարվում դրական արդյունք»,- ասաց Պեդանյանը:

Բացի այդ, հարցերի քանակը ևս ավելացել է, 600 հարցի փոխարեն այժմ 1000 հարց է:

«Այս փոփոխության արդյունքում հավանականությունը փոքրանում է, որ դիմորդը հարցերի պատասխանը գուշակելով կնշի կամ կպատասխանի»,- ասաց Պեդանյանը:

Թերևս այս մասին փաստում է նաև նախորդ տարվա արդյունքները:

Ըստ նրա՝ խստացման արդյունքում դիմորդների շուրջ 40 տոկոսը կտրվել է քննությունից:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

Հարցին, թե արդյոք հասանելի են համացանցում թեստերը, Պեդանյանը պատասխանեց. «Հարցաշարին ծանոթանալու հնարավորություն չկա, թեև իրականում ասում են, որ հասանելի է, բայց մենք շատ ենք փնտրել ոչ մի աղբյուրում 600 հարցից ավելի չենք գտնել: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ կա, ապա դա այնպիսի տեղ է տեղադրված, որ հասանելի չէ»:

Բոլոր դեպքում, տեսական քննության մասով մի խստացում ևս՝ տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան, ընդ որում` գիտելիքների ստուգման թեստի հարցերին թույլատրվում է պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե հաջողվել է տեսական թեստը հանձնել, ապա թույլատրվում է մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը: Իսկ տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել տեսական քննությանը:

Թեստերը թարգմանված են հինգ լեզվով և դիմորդը կարող է ընտրել, թե որ լեզվով է ուզում հանձնել քննությունը:

Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սույն կարգով սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:

Փոփոխությամբ սահմանված է, որ գործնական քննության անցկացման գործընթացը ենթակա է տեսաձայնագրման՝ համապատասխան սարքավորումների միջոցով: Այսինքն՝ դրանք տեղադրվելու են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցների վրա:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը գործնական մասից հատկապես առանձնացրեց նոր ենթակարգերի ներդնումը: Այսինքն՝ վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «AM», «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:

«Որոշ ենթակարգերի համար սահմանված է պարտադիր քննություն ավտոդրոմում կամ սովորական պայմաններում, որոշների դեպքում՝ և ավտոդրոմում, և սովորական պայմաններում, խոսքը ավելի բարդ տրանսպորտային միջոցների մասին է»,- հավելեց ՀԿ ներկայացուցիչը, միաժամանակ նշելով.

«Ամեն դեպքում, վարորդական իրավունքի ստացման կարգի խստացումը միշտ էլ դրական է՝ հաշվի առնելով այն, որ վարորդների զգալի մասը վարորդական վկայականը ձեռք է բերել կոռուպցիոն եղանակով: Կան վարորդներ, որոնք պարզապես չգիտեն երթևեկության կանոնները: Այս առումով խստացումը կարևոր է»:

Հավելենք, որ ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում