Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ
Նմանատիպ
Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր,
Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն:
Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք մենք, որ ձեզ նման անձնվեր, քնքուշ ու հոգատար հոգիներ ունենք Տիրոջից մեզ պարգևված:
Գիտեմ, որ անչափ սիրելի ու սպասված է ձեզ համար այս տոնը, սիրելի՛ քույրեր ի Քրիստոս և գիտեմ՝ տխրել եք, որ մարդկությանը պատուհասած այս չարիքի պատճառով այսօր չեք կարող եկեղեցում գտնվել: Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ Ամենակալ Աստված տեսնում և գտնում է այն բոլոր սրտերը, որ Իր հանդեպ անկեղծ սիրով, անսահման խոնարհությամբ ու աներեր հավատարմությամբ են բաբախում, որտեղ էլ, որ դրանք գտնվեն, որպեսզի լիությամբ բաշխի Սուրբ Հոգու շնորհներն ու Սրբուհի Կույս Մարիամի օրհնությունները, որ այսօր հղվում են մասնավորապես ձեզ համար:
Հատկապես այս դժվարին օրերին մեզ անհրաժեշտ են ձեր մայրական սիրող սրտից ծնված գորովագին աղոթքները, սիրելինե՛ր: Դուք, որ մարմնացյալ պահապան հրեշտակներ եք ձեր զավակների համար, սիրող, նվիրյալ ու անտրտունջ օգնականները ձեր ամուսինների, արի ու անկոտրուն ոգով մարտակիցներ եք ձեր եղբայրների կողքին և հեզ ու պարկեշտ վարքի պսակներով զարդարում եք ձեր հայրերի գլուխները, այսօր, առավել քան երբևէ, պետք է նրանց կողքին լինեք: Դուք մեզնից թույլ եք ֆիզիկապես, խոցելի ձեր զգայունությամբ, սակայն ոգու զորությամբ և սիրո ուժով մեզ չեք զիջում, հաճախ էլ անգամ գերազանցում եք, ուստի առանձապես այս օրերին մեզ անհրաժեշտ է ձեր հոգևոր աստվածատուր սքանչելի առաքինությունների լիարժեք դրսևորումը: Թող ձեր գիտակցված և պատասխանատու վարքը, անսահման սերն ու հոգատարությունը, նվիրվածությունն ու ամեն ինչում լավը, բարին տեսնելու կարողությունը փոխանցվեն մեզ և ոգևորեն մեր հանապազօրյա պայքարում: Իսկ մենք էլ ծունկ խոնարհելով Ամենասրբուհի Մոր, Ծաղկյալ Շուշանի ու Երկնային Տիրուհու առջև՝ նրա բարեխոսությունն ենք խնդրում համայն մարդկության և ձեր ու ձեր սիրելիների փրկության համար: Թող Վեհաշուք Մոր աղերսներով Տերն Իր անեզր գութը տարածի և անխախտ պահի ձեր տան հիմքերը, օրհնի ու փրկի ձեր ընտանիքները, սիրով և գնահատանքով լի քաջառողջ կյանք պարգևի ձեզ: Եվ թող ոչ մի մոր սիրտ չխոցվի կորստյան ցավից, այլ աստվածային ուրախությունն ու խաղաղությունը հավերժ բնակություն հաստատեն ձեր լուսավոր հոգիներում:
Ողջո՜ւյն քեզ, Մարիա՛մ, շնորհներով լի,
Տերը քեզ հետ է:
Օրհնյալ ես դու կանանց մեջ և
օրհնյալ է որովայնի պտուղը քո:
Սրբուհի՛ Մարիամ՝ մա՛յր Աստծո,
Աղոթի՛ր մեղավորներիս համար
Այժմ և մեր մահվան ժամին. ամեն
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում