Սիրիայում հակաքրիստոնեական տրամադրությունները շարունակվում են սրվել.Գագիկ Հարությունյան
Նմանատիպ
Սիրիայում հակաքրիստոնեական տրամադրությունները շարունակվում են սրվել: Այս մասին հուլիսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը’ հավելելով, որ կրոնավորների դեմ սարսափելի միջոցներով են պայքարում:
«Իրավիճակը սրված է հատկապես այն վայրեում, որտեղ բնակվում են քրիստոնյաներ, ինչպես նաև շիաներ: Պետք է փաստել, որ Սիրիայում ընթանում է լայնածավալ պատերազմ. մի կողմից կառավարական զորքերի, որոնց աջակցում են Իրանը, Ռուսաստանը և մասամբ նաև Չինաստանը և մյուս կողմից’ արաբական աշխարհից և ԱՊՀ-ից եկած վարձկանների միջև, որոնց աջակցում է Արևմտյան աշխարհը’ ի դեմս ՆԱՏՕ-ի և այլ կառույցների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով’ Սիրիայում պատերազմի դրդապատճառներից մեկը արաբական աշխարհի կազմալուծումն է: Գլոբալ մակարդակում այդ նույն քաոսը տարբեր ռիսկեր է ստեղծում նաեւ Ռուսաստանի և Չինաստանի համար, այն սպառնալից է նաեւ Արևմուտքին:
Հարությունյանի տեղեկացմամբ’ միայն ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում զոհվել է մոտ հարյուր հազար հոգի, բայց դրանք շատ «համեստ» տվյալներ են: «Պաշտոնապես գրանցված է մոտ մեկուկես միլիոն փախստական: Բայց իրականում կա շուրջ մեկուկես միլիոն զոհ և չորսուկես միլիոն փախստական’ համաձայն միջազգային կառույցների հրապարակումների»,- նշեց Հարությունյանը:
Նա հայտնեց, որ տարածաշրջանը մոտ կես միլիոնից ավելի քրիստոնյաներ են լքել և այս գործընթացը շարունակվում է ոչ միայն Սիրիայում, այլև’ Իրաքում, Եգիպտոսում:
Անդրադառնալով Սիրիայում բնակվող հայերին’ Հարությունյանը նշեց, որ հայկական համայնքի համար առայժմ լավ հեռանկար չի տեսնում:
«Սիրիայում իրենց, այսպես ասած, լավ են դրսևորում նաև ադրբեջանցինեը, ովքեր պահը բաց չեն թողնում հատկապես քրիստոնյաների դեմ գործողություններ իրականացնելու: Նրանք միացել են ծայրահեղ իսլամականներին, լուրջ դիրքեր են գրավում, բայց դա վտանգում է ոչ միայն Սիրիայի, այլեւ Ադրբեջանի ներքին կայունությունը»,- նշեց Գագիկ Հարությունյանը’ հավելելով, որ Սիրիայում իրավիճակի կարգավորում դեռ չի տեսնում:
Ադրբեջանի կողմից Սիրիայի հակակառավարական ուժերին օգնություն ցուցաբերվելու մասին վաղուց է հայտնի: Դեռեւս հոկտեմբերին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանը սիրիացի ահաբեկիչներին 500 հազար եվրոյի օգնություն է հատկացրել: Օգոստոսի վերջին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում անկարգությունների մեջ մեղադրել է Թուրքիայի կառավարությանը’ հայտարարելով, որ «Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում