Վարչապետը կանխատեսում է, որ սեպտեմբերին համաճարակը կարող է վերսկսվել

Վարչապետը կանխատեսում է, որ սեպտեմբերին համաճարակը կարող է վերսկսվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԷդմոն Մարուքյանը ԱԺ-ում հարց ուղղեց կառավարությանը.

«Կառավարությունը որոշել է ապրիլի 20-ից տեքստիլ արտադրությունը բացել: Օրինակ՝ Վանաձորի տեքստիլը բացվում է, և մեկ էլ, մի քանի օր հետո, այնտեղ վարակված մարդ է հայտնաբերվում: Ի՞նչ եք անելու՝ նորից այդ երեք հազար աշխատողին ուղարկում ենք տուն, թե վարակվածին բուժենք, իսկ մյուսներն աշխատեն: Որովհետև մարդիկ մտահոգված են: Երկրորդ հարցը՝ գյուղեր ունենք, որ արտագնա աշխատանքի են գնացել ամբողջությամբ, հիմա ամբողջ գյուղով նստած են տանը: Արտագնա աշխատանքով ապրող, Հայաստանին գումարներ ուղարկող, Հայաստանի տնտեսությունը սնուցող մարդկանց ի՞նչ աջակցություն է ցուցաբերվելու: Ժամանակն է եկել, որ որպես պետություն իրանց կողքին կանգնենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց պայմանավորվել, որ պատգամավորները մեկ հարց տան: «Երկու հարց ուղղեցիք, երկուսն էլ շատ կարևոր են, եթե փորձեմ պատասխանել, երկուսին էլ՝ կիսատ եմ պատասխանելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և պատասխանեց միայն առաջին հարցին:

«Ունենք արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կարգավորումների բերումով այս ընթացքում աշխատել են: Ընդորում, իրենց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ: Ունենք հակառակ օրինակը, մենք այսօր կորոնավիրուսով վարակվածների այսքան մեծ թիվ ունենք հիմնականում երեք ճյուղի պատճառով է, որոնցից երկուսն արտադրական ձեռնարկություններ են: Եթե այդ արտադրական ձեռնարկությունները չլինեին, այդ վարակի թիվը կիսով չափ քիչ կլիներ»:

Վարչապետը հայտարարեց, որ ուզում են հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուսների հետ, բայց խնդիր կա, որ այդ ընկերությունները չեն ուզում իրենց անունը հնչի:
«Մենք հաջողված փորձի տեսանյութ ենք պատրաստել, որ փոխանցենք այդ ընկերություններին: Եթե ոչ 100 տոկոսով, ապա 90 տոկոսով վիրուսը չի մտնի արտադրական տարածք»,- հավելեց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ռազմավարությունն այն է, որ կորոնավիրուսի ժամանակ կարողանանք ապրել և ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը պետք է վերաբացվի:

Անդրադառնալով վարակի տարածման զարգացումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Հնարավոր է, որ շոգերը սկսվեն և մենք ստանանք միջանցք մինչև սեպտեմբերը և հոկտեմբերից մենք սկսենք այդ ամեն ինչը զրոյից: Մենք պետք է պատրաստված լինենք դրան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում