Երեւանում քննարկվել են ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտին առնչվող հարցեր

Հուլիսի 3-ին Երևանում կայացավ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երիտասարդների հետ աշխատանքի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Միջոցառմանը մասնակցեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ու Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի երկաթուղային վարչությունների երիտասարդ պատվիրակները, ինչպես նաև Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչը:

Պատվիրակներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ընկերության ղեկավարը ներկայացրեց ՀԿԵ-ի գործունեությունը, Ընկերության երիտասարդական քաղաքականությունը, երիտասարդ մասնագետների զարգացմանն ուղղված միջոցառումները:

– ՀԿԵ-ում աշխատում են 18-ից 30 տարեկան 682 մասնագետ: Դա բավականին մեծ և ընկերական թիմ է: Վերջին մեկ տարվա ընթացքում երիտասարդ մասնագետների թիվը մեր ընկերությունում աճել է 7%-ով: Կադրերի նման մեծ ներհոսքի վրա ազդեցություն են ունեցել մի քանի գործոններ, այդ թվում մինչև 2015 թվական նախատեսված «ՀԿԵ-ի երիտասարդությունը» նպատակային ծրագրի իրագործումը, երիտասարդների ակտիվ մասնակցությունն ընկերության կյանքում, աշխատավարձերի համակարգի կտրուկ փոփոխությունը, – հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:

Ինչպես հայտնեց ՀԿԵ-ի ղեկավարը, Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ մասնագետների կրթական մակարդակի բարձրացմանը. ներկա պահին 55 երիտասարդներ սովորում են հայկական տարբեր բուհերում, Ռոստովի տրասպորտի պետական համալսարանում: Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ՀԿԵ-ում երիտասարդների կարիերային աճի համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ և որպես օրինակ բերեց Գյումրու լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոների գլխավոր ինժեներների պաշտոններում երկու երիտասարդ մասնագետների նշանակումը:

Մասնակիցներին վիդեոկապի միջոցով ողջունեց նաև «Ռուսական երկաթուղիների» Աշխատակազմի կառավարման դեպարտամենտի պետ, աշխատանքային խմբի նախագահ Անտոն Նագրալյանը, որը նշեց ԱՊՀ երկրներում տարվող երիտասարդների հետ աշխատանքի կարևորությունը: Նա նաև ընդգծեց, որ տվյալ ուղղությունով տարվում է արդյունավետ միջպետական և միջկորպորատիվ աշխատանք:

Երևանյան նիստին մասնակցում է նաև Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գենադի Կոսոլապովը:

Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին 2012 թվականի արդյունքները, քննարկեցին Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների կոնֆեդերացիայի հետ համագործակցության հեռանկարները, 2013-2014 թվականներին համատեղ միջոցառումների անցկացումը, մշակեցին ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված միջոցառումների ցանկը, ծանոթացան ուսման, մասնագիտական զարգացման, սպորտի բնագավառներում ՀԿԵ-ում տարվող ծրագրերին:
Նիստի ավարտից հետո մասնակիցները այցելեցին «ՀԿԵ» ՓԲԸ Փոխադրումների կառավարման կենտրոնի, Լոկոմոտիվային բրիգադների ուսուցանման, Ենթակառուցվածի ախտորոշման կենտրոնի, ինչպես նաև Երկաթուղու թանգարանի գործունեությանը:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա 2014 թվականի երկրորդ եռամսյակում Մինսկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում