Հասարակական տրանսպորտի վարորդները բողոքում են աշխատանքային գրաֆիկից
Կարդացեք նաև
Վարորդների աշխատանքային ժամերի կրճատման, փոխադրող կազմակերպությունների առջև դրված հարկային վճարների նվազեցման և այլ հարցերը կդրվեն հանրային քննարկման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Այս քաոսային իրավիճակը բերել է նրան, որ փոխադրող կազմակերպությունները գնում են լուծարման և ամբողջ տառապանքը վարորդի վրա է: Վարորդներն աշխատում են 14-15 ժամ, նրա նք չունեն կարգավիճակ, հատուկ հաստատված աշխատավարձ, բայց դրա մեղավորը փոխադրող կազմակերպությունները չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանի խոսքերով’ թե վարորդները և թե գծատերերը վնասով են աշխատում: Չնայած դրան’ բանախոսները խնդրի լուծումը ուղեվարձի թանկացման հետ չեն կապում: Նրանք ակնկալում են Կառավարության աջակցությունը հարկային վճարների նվազեցման տեսքով: Բացի դրանից, գտնում են, որ առկա խնդիրները կարելի է լուծել ավելի լայն շրջանակներում հարցի քննարկմամբ: «Մենք նախատեսում ենք բարձրացնել վարորդների հաստիքային աշխատավարձի հարցը, ինչպես նաև դրույքաչափի կրճատման հարցը»,-հավելեց Տիգրան Հ ովհաննիսյանը: Բանախոսները նշեցին նաև, որ չեն ցանկանում գործադուլների և այլ բողոքի ակցիաների միջոցով պայքարել խնդրի լուծման համար, քանի որ գիտակցում են դրա բացասական հետևանքները հասարակության համար:
Սպասվում էր, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագներն ուժի մեջ մտնելու հետ’ հուլիսի 7-ից: Հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունները, սակայն, Երեւանի քաղաքապետարան ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն նախորդ շաբաթվա վերջին դեռեւս հայտ չէին ներկայացրել ուղեվարձի թանկացման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում