Տոլմայի երրորդ փառատոնին հայ խոհարարները կմասնակցեն ամենաերկար տոլմայի մրցույթին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում անցկացվող տոլմայի երրորդ փառատոնին հայ խոհարարները մասնակցեն ամենաերկար տոլմայի պատրաստման մրցույթին: Այս մասին տեղեկացրեց Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Փառատոնն անցկացվում է 2011 թվականից, երբ Ադրբեջանի ղեկավարությունը անդրադարձավ այն հարցին, թե մենք իբր խլում ենք նրանց մշակութային արժեքները, այդ թվում’ տոլման: Փառատոնի անցկացման գաղափարը կար, և նմանատիպ խոսակցություններն արագացրին գործընթացը»,-նշեց Սեդրակ Մամուլյանը: Նա կարևորեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տոլմայի փառատոնի անցկացումը’ նշելով, որ դա լավ միջոց է օտարերկրյա հյուրերին ցույց տալ մեր մշակութային հարստությունը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը ևս ուրախ է այս համագործակցության համար, որի ողջ կարևությունը նրանում է, որ ցանկացած երկիր տարածքաշրջանային կինոփառատոններում մեծ շեշտադրումներ է անում հյուրասիրության վրա: «Կինոփառատոնները խնդիր ունեն կինոհասարակության հետաքրքրությունը գրավելու, և հյուրասիրությունները փոքրիկ «խորամանկություն» են, հատկապես արևելյան երկրներում, որոնք ունեն հարուստ խոհանոց»,-ասաց Վարդան Հակոբյանը: Նրա խոսքերով’ սա շատ լավ առիթ է «Ոսկե ծ իրան»-ի’ 50-60 երկրներից ժամանած հյուրերին ցույց տալու մեր հայկական հարուստ խոհանոցն ու մշակույթը: «Մեր հյուրերը մեծ հաճույքով են մասնակցում, և մենք, կարծում եմ, երկար կհամագործակցենք ու կունենանք նոր գաղափարներ այս թեմայի շուրջ»,-հավելեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչը:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը շատ է կարևորում տոլմայի փառատոնի գաղափարն ու նշում, որ սա մեր մշակույթի փոխանցման փորձ է ավագ սերնդից երիտասարդներին: Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ փառատոնի ժամանակ ոչ թե շեշտադրվում է այն, որ միայն մենք տոլմա ունենք, այլ այն, որ մեր տոլման պատրաստման հատուկ ընթացակարգ ունի: «Մենք, ի տարբերություն այլ ժողովուրդների, տոլման փաթաթում ենք, չենք լցոնում»,-նկատեց ազգագրագետը:

Սեդրակ Մամուլյանի խոսքերով’ տարեցտարի փառատոնի մասնակիցների հոսքն ավելանում է, և այս տարի կլինեն մասնակիցներ Լոռուց, Տավուշից, Գեղարքունիքից, Արմավիրից և Երևանից: Մասնակցությունը անվճար է, բայց տոլման լինելու է վճարովի: Փառատոնի հաղթողները պարգևատրվելու են երեք անվանակարգերում’ լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում: Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ի կողմից կհանձնվեն մրցանակներ նաև լավագույն տաղավար, լավագույն սկսնակ խոհարար և հանդիսատեսի համակրանք անվանակար գերում: Տոլմայի փառատոնի բացումը կլինի հուլիսի 10-ին’ ժամը 18.00-ին

Հետևեք մեզ նաև Telegram-ում