Տարբեր երթուղիներ տարբեր չափով կթանկանան. Գագիկ Բեգլարյան
Կարդացեք նաև
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, սակայն տարբեր երթուղիներ տարբեր չափով կթանկանան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը’ հավելելով, որ բոլոր թանկացումները կհասցվեն նվազագույնի: «Այս պահին հանձնաժողովում աշխատանքները դեռևս շարունակվում են: Փորձում ենք հասկանալ’ ինչպես կարելի է ապահովել նվազագույն թանկացում: Երթուղիներ կլինեն, որտեղ ընդհանրապես թանկացում չի արձան ագրվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Բեգլարյանը: Նա նաև նկատեց, որ գազալցակայաններում գազը թանկացել է տասը տոկոսով, մինչդեռ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի’ պետք է թանկացում լիներ 5-7 տոկոսով: «Մենք դա էլ ենք ուզում վերջնականապես հասկանալ, սակայն պետք է այս ուղղությամբ երկար աշխատել և ամեն ինչ անել, որ թանկացումները հասցվեն նվազագույնի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը հունիսի 7-ին միաձայն հաստատեց գազի նոր սակագինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ 156 հազար դրամ: 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողները կվճարեն 276.98 դոլար: Ըստ հանձնաժողովի գնահատումների’ Հայաստանի Հանրապետությունում գազի գնի բարձրացումը գազալցակայաններում վաճառվող գազի սակագնի վրա կազդի մոտ 5 տոկոսի չափով: Այսինքն’ 1 խորանարդ մետրը այսուհետ կվաճառվի ոչ թե 200, այլ 210 դրամով: Սակագինն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից: Հուլիսի 9-ի դրությամբ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հայտ միջքաղաքային եւ միջպետական տրանսպորտը շահագործող ընկերություններից ՏԿ նախարարություն չէր ստացվել, իսկ Երեւանի քաղաքապետարանը մի քանի ընկերություններից հայտեր ստացել էր քաղաքային տրանսպորտի հետ կապված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում