Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում այսօր «լռության օր» է

Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքների ընտրություններում հուլիսի 13-ը «լռության օր» է: Քարոզարշավը մեկնարկել է հուլիսի 2-ին և ավարտվել է հուլիսի 12-ին: Պռոշյան համայնքում հինգ թեկնածուներից երկուսը’ Ցոլակ Գրիգորյանը’ ԴԵԼԻԿՏ ընկերության տնօրեն և Գալուստ Մկրտչյանը’ Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ հրաժարվել են մասնակցել ընտրական պայքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ հուլիսի 14-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածու. անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը’ «Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության գլխավոր մասնագետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մուրադյանը, ՀՅ Դաշնակցության անդամ Վովա Սահակյանը’ Պռոշյանի համայնքի ղեկավարի տեղակալ: Բոլոր թեկնածուներն ինքնառաջադրվել են:

Շիրակի մարզի Հովիտ համայնքի ընտրություններին կպայքարեն ինքնաառաջադրված անկուսակցական, ատամնաբույժ Ռազմիկ Հակոբյանը և Ավետիք Մեսրոպյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցությունից է:

Թեկնածուները նախընտրական քարոզարշավի համար 500 հազար դրամը գերազանցող գումարից ավելի ծախսելու իրավունք չեն ունեցել: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 19-ին: Պռոշյանի գյուղապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ սպանվել էր համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում