Այս տարին դեռևս կորած չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Նմանատիպ
Ֆրանսիան, կարևոր դեր խաղալով ԵԱՀԿ Մինսկի խմբում, ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գտնել խաղաղ և վերջնական լուծում: Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: «Ֆրանսիական կառավարության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման լուծումը գտնելու մեջ է: Մենք հավատարիմ ենք այդ դիրքորոշմանը, Փարիզում շատ հանդիպումներ են կազմակերպվել: Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոտ ժամանակներս Փարիզում հանդիպում կունենա Էլմար Մամեդյարովի հետ: Սա մի հարց է, որը քննարկում ենք թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի հետ»,- ասել է Ֆրանսիայի դեպսանը’ նշելով, որ եկել է հաշտեցման ժամանակը: Անդրադառնալով G8-ի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած համատեղ հայտարարությանը, որում մասնավորապես ընդգծվում էր, որ «առաջնորդները իրենց ժողովուրդներին պետք է նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», Պասկալ Մոնյեն նշել է. «Դա շատ կարևոր է: Դուք չեք կարող հաշտեցնել երկու ժողովուրդներին, եթե կառավարություններն ասում են, որ նրանք թշնամիներ են»:
Հուլիսի 13-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելլին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը տարածել էին համատեղ հայտարարություն, որում նշվում էր, որ իրենք հունիս-հուլիսին կայացած հանդիպումների ժամանակ հանձն են առել շարունակել տարածաշրջանում խաղաղ գործընթացի շուրջ ընթացող քննարկումները’ կենտրոնանալով հակամարտության լարվածության նվազեցման և այս տարի ամենաբարձր մակարդակներում հանդիպումներ կազմակերպելու վրա: Մինչ հայտարարությունը Վիեննայում կայացել էր համանախագահների և երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքներով նրանք վերահաստատել են իրենց հանձնառնությունը այդ նպատակների իրականացման գործում և ծրագրեր մշակել առաջիկա ամիսներին կայանալիք բանակցությունների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում