Մինսկի կոնվենցիայով Հրաչյա Հարությունյանը կարող է հանձնվել Հայաստանին. ՄԻՊ
Նմանատիպ
ՀՀ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը կարող են դիմել Ռուսաստանի Դաշնությանը Հրաչյա Հարությունյանի հանձնման գործընթացն իրանացնելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է այն կարգավորումները, որոնց հիման վրա կարող է Հրաչյա Հարությունյանը հանձնվել Հայաստանի Հանրապետությանը թե պատիժը կրելու համար, և թե ինքնին դատաքննությունն անցկացնելու համար, այսինքն’ որոշելու’ անձը մեղավոր է, թե ոչ և եթե մեղավոր է, հստակ պատժատեսակը, չափը և այլն որոշելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքերով’ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում են Մինսկի կոնվենցիայի անդամ, որով էլ երաշխավորվում է էքստրադիցիայի ողջ գործընթացը, այսինքն’ անձի հանձնման գործընթացը: Իրավական տեսանկյունից նման իրավասություն ունեն Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը: «Գլխավոր դատախազությունը կարող է հայց ներկայացնել դատաքննությունն այստեղ իրականացնելու համար, իսկ Արդարադատության նախարարությունը կարող է դիմել այն պահից սկսած, երբ արդեն լինի վճիռ պատիժը կրել ու համար’ նախատեսված քրեական դատավարության օրենսգրքով»,- ասաց Արամ Վարդևանյանը: Անդրադառնալով մերժելու հիմքերին’ Արամ Վարդևանյանը նշեց, որ պետք է հաշվի առնել գործի բոլոր հանգամանքները և այն համագործակցությունը, որ կա երկու պետությունների միջև: «Հանձնումը, հիմնականում, կախված է միջազգային հարաբերություններից, վստահությունից, քրեակատարողական համակարգերի տարբերությունից: Մի շարք հանգամանքներ կան, բայց, հիմանականում, պրակտիկան այնպիսին է, որ պետությունները գտնվում են բարիդրացիական հարաբերություններում, և դա խնդիր չի հանդիսան ա»,- ասաց Արամ Վարդևանյանը:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը կարող է դիմել ՌԴ-ին Հրաչյա Հարությունյանին հանձնելու պահանջով միայն դառավճռի կայացումից հետո: «Մենք միայն իրավասու ենք դատավճռի կայացումից հետո պահանջել պատժի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Այնուամենայնիվ, Վարդևանյանը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 480-րդ հոդվածը կարգավորում է հանցագործություն կատարած անձին օտարերկրյա պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելը: «Նշված հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ՝ եթե Հայաստանի Հանրապետությանը հանձնումը պայմանավորված է տվյալ պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը’ մինչդատական վարույթի գործերով:» – ասաց Արամ Վարդևանյանը:
Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին եղել է հայազգի Հրաչյա Հարությունյանը, բախվել է մարդատար ավտոբուսին’ դառնալով 18 մարդկանց մահվան պատճառ: Դեպքից հետո Հարությունյանին նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկել’ նրան դատարան բերելով կանացի խալաթով և պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելով: Դա առաջացրել է մեծ աղմուկ Հայաստանում և Ռուսաստանում: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ համաքվածները պահանջել են մարդու իրավունքների պաշտպանություն և պատշաճ վերաբերմունք ՀՀ քաղաքացու հանեդեպ: Հուլիսի16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության իր կոլեգային’ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության պահպանման խնդրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում