Զարուհի Փոստանջյանը շարունակում է Սահմանադրական դատարանի դեմ պայքարը

 ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որւմ մասնավորապես ասվում է.

«2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ևս մեկ անգամ փաստեց իր մեղսակցությունը եռապետերի կողմից հայ ժողովրդի իշխանությունը գողությամբ, կողոպուտով և ավազակությամբ հափշտակելու հանցագործության մեջ’ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար օրենքով սահմանված 100.000.000. դրամ գումարի եռակի գերազանցումը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը:

Հայ հասարակությունը իր 20-ամյա նորանկախ պետության ձախողման համար պատասխանատվության կանչելու մեղավոր անձանց: Անշուշտ, գլխավոր մեղավորները երեք նախագահություններն են, սակայն ես այսօր պետք է անդրադառնամ հայ ժողովրդի նորագույն պատմության աղետի գլխավոր մեղսակիցներից ևս մեկին’ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Նրա անմիջական կատարմամբ և հովանու ներքո 1996 թվականից առայսօր «սահմանադրական արդարադատության» անվան տակ պարտակվել է հայ ժողովրդի դեմ գործված մեծագույն հանցագործությունը’

Հայաստանի Հանրապետության մեկ ու կես միլիոն քաղաքացու և նրանցից օտար երկրներում ծնված հարյուր հազարավոր հայ երեխաների հայրենազրկումը:

միլիոնավոր հայերի’ դեպի Հայրենիք ազգահավաքի գաղափարը կյանքի կոչելու հավատազրկումը:

2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի’ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներով արդարադատության իրականացման մերժումը ոչ միայն լրջագույն սպառնալիք է այս պահին մեր երկրում ապրելու իրավունքին, այլ նաև փորձ է հավատազրկել աշխարհասփյուռ հայերին իրենց հայրենիքում համախմբվելու և ապրելու կարևորագույն առաքելությունից:

Հանցագործներին հովանավորելու բազմամյա փորձ ունեցող Գագիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե որևէ երկրի Սահմանադրական դատարան երբևէ անվավեր չի ճանաչել ընտրությունների արդյունքները, ոչ միայն ծաղր է իրավունքի գերակայության նկատմամբ, այլ նաև ուղղակի ապտակ մեր արժանապատվությանը:

Համանման կերպով էին նաև «հիմնավորում» Օսմանյան կայսրությունում ցեղասպան եռապետերը հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը շղարշելու իրենց ցանկույունը’ առաջին համաշխարհային պատերազմում հայերին անվտանգ տարածքներ տեղափոխելու գործողությունը…

Հիշեցում Գագիկ Հարությունյանին և իր մեղսակիցներին.

2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Չորրորդ Հանրապետության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մենք երդվեցինք’… Մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Հաղթանակ ենք արձանագրելու բոլոր ճակատներում: Երդվեցինք, որ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական Հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և հայաստանցիները, որտեղ կա իրավունք, կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ…:

Ազատության հրապարակը պարտադրում է ոչ միայն ազատություն, այլ նաև արդարադատություն: Ձեր և Ձեր հանցակիցների նկատմամբ անխուսափելի է արդարադատության իրագործումը Ազատության հրապարակում’ ժողովրդի իրավազորությամբ:

Սպասեք այդ օրվան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում