Իրանը հերքել է իր տարածքում «Ալ Կաիդա»-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին տեղեկությունները

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հերքել է ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված պնդումներն առ այն, որ «իսրայելական հատուկ ջոկատայիններն» Իրանում «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին են ոչնչացրել։ Նա նաև հերքել է Իսլամական Հանրապետության տարածքում այդ կազմակերպության անդամների ներկայությունը, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Նա ամերիկյան պարբերականներին խորհուրդ է տվել «չընկնել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) պաշտոնատար անձանց հոլիվուդյան սցենարների ծուղակը»։
Ղաթիբզադեն նշել է, որ «Ալ Կաիդա»-ն «տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների սխալ քաղաքականության արդյունքն է»:
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ Վաշինգտոնը և Թել Ավիվը, «ձգտելով խուսափել տարածաշրջանում «Ալ Կաիդա»-ի և այլ ահաբեկչական խմբերի հանցավոր գործունեության համար պատասխանատվությունից, ստում են և կեղծ տեղեկատվություն են փոխանցում զանգվածային լրատվության միջոցներին»:
Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով հետախուզության ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ երեք ամիս առաջ Թեհրանում իսրայելցի գործակալների կողմից ոչնացվել է «Ալ Կաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահը, որը մասնակցել էր 1998-ին Աֆրիկայում ամերիկյան դեսպանատների վրա կազմակերպած հարձակումներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում