Հայկական սեփականությունը խլելը թուրքական համակարգված քաղաքականության մասն էր. Թաներ Աքչամ
Նմանատիպ
Թուրքական մամուլում վերջին շաբաթների ընթացքում հայտնված տեղեկություններն այն մասին, թե ինչպես են շարունակում խլվել և ոչնչացվել ոչ մահմեդականներին պատկանող գույքը, խոսում են այն մասին, որ հարյուր հազարավոր ոչ մահմեդականներին արտաքսելը, սպանելն ու նրանց ունեցվածքը խլելը չի սահմանափակվել 1915 թվականով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Taraf պարբերականին տված իր հարցազրույցում ասել է հայտնի թուրք մտավորական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատմաբան Թաներ Աքչամը:
«Հայկական ունեցվածքն առգրավելուց հետո թուրքական իշխանությունները համակարգված քաղաքականություն են կիրառել: Սեփականությունն օգտագործվել է հինգ նպատակով: Առաջինը’ դրսից եկող մահմեդական փախստականներին բնակեցնելն էր: Փախստականները, առանց որևէ փոխհատուցման, անվճար բնակեցվում էին հայերից մնացած տներում: Երկրորդ նպատակով նրանք ձևավորում էին թուրքական բուրժուազիան. այս նպատակով հայերից խլված ձեռնարկությունները էժան գներով վաճառվում էին մահմեդական ձեռնարկատերերին: Երրորդ նպատակով նրանք հայերի սեփականությունից ստացած գումարներն օ գտագործում էին ռազմական ծախսերի համար: Պետական ծախսերը ևս կատարվում էին հայկական սեփականությունից ստացած եկամուտների հաշվին: Վերջապես, որոշ մեծ շինություններ օգտագործվում էին պետական կարիքների համար’ որպես հիվանդանոց, դպրոց և այլն»,- նշել է Աքչամը:
Նա պատմել է նաև ցեղասպանության տարիներին հայ երեխաների, մասնավորապես աղջիկների դաժան ճակատագրերի մասին’ նշելով, որ ցանկացած նման պատմություն իսկական դրամա է հիշեցնում: Թուրք պատմաբանը պատմում է, որ երեխաներից շատերն օգտագործվում էին որպես աշխատուժ: Շատ աղջիկներ ներառվում էին մահմեդականների հարեմներում: Աքչամը նշում է, որ թուրք ընտանիքների կողմից հայ երեխաներին իրենց մոտ վերցնելնը, եզակի դեպքերից բացի, երբ առաջնորդվել են մարդասիրական նկատառումներով, ունեցել են տնտեսական և ֆինանսական դրդապատճառներ: 1915 թվականին կենտրոնից շրջանների հատուկ կարգադրություն եկավ’ «եթե որևէ երեխայի վերցնեք ձեզ մոտ, ապա այդ երեխայի ընտանիքի ժառանգական բոլոր իրավունքները կանցնեն ձեզ»: Եվ Անատոլիայի շատ շրջաններում սկսվեց հարուստ հայ ընտանիքների երեխաներին վերցնելու գործընթացը: Նաև հայտնի է, որ պետությունը զգալի գումար էր տալիս հայ երեխաներին վերցրած ընտանիքներին:
Համակարգված պետական քաղաքականության արդյունքում Հայոց ցեղասպանությունն ուղեկցվեց ոչ միայն հայերի ոչնչացմամբ, այլև ողջ մնացածների ձուլմամբ: Հայ երեխաների ասիմիլիացիան, մասանվորապես իսլամացումը, ցեղասպանության ամենաառանցքային գործողություններից էր: Աքսորից հետո որբ մնացած երեխաներին հատուկ որբանոցներում տեղավորելով սկսվում էր նրանց իսլամացման գործընթացը: Երեխաները հիմնականում 4-12 տարեկան էին, քանի որ 4 տարեկանից փոքր երեխաներն ունեին խնամքի կարիք: Եթե խնամող ընտանիքներ չէին գտնվում, ապա երեխաները սպանվում էին: 13 տարեկանից բարձր երեխաները ևս սպանվում էին, քանի որ ասվում էր, թե «չեն մոռանա հայ լինելը»: «Աղջիկներն էլ հատուկ հրամաններով բռնի ամուսնացվում էին մահմեդականների հետ»,- նշում է Աքչամը’ հիշեցնելով, որ երեխաներին բռնի մի էթնոդավանաբանական խմբից մեկ այլ խումբ տեղափոխելը 1948 թվականին ընդունված Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայով համարվում է ցեղասպանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում