Թուրքիայի քրդական կուսակցությունը պայքար է սկսել Մուշի հայկական տների պահպանման համար

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը պայքար է սկսել’ կանխելու «քաղաքային վերակառուցման» պատրվակով Մուշի հայկական տների ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Taraf պարբերականը, Վանի պաշտպանության տարածաշրջանային խորհուրդը Մուշի Քալե թաղամասում սկսել է ուսումնասիրություն կատարել: Ուսումնասիրության արդյո ւնքում նախատեսվում է պատրաստել զեկույց, որով որոշում կարող է կայացվել տների քանդելը կասեցնելու վերաբերյալ: Նշվում է, որ եթե Քալեում հետազոտություն սկսած մասնագետների պատրաստած զեկույցի համաձայն տները հայտարարվեն որպես մշակութային ժառանգություն, ապա դրանք կհայտնվեն խնամքի տակ:

«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Մուշի պատգամավոր Դեմիր Չելիքը, այդուհանդերձ, ցավով արձանագրել է, որ թեպետ խորհուրդը շարունակում է իր աշխատանքները, սակայն Մուշի քաղաքապետարանը, առանց սպասելու խորհրդի կայացրած որոշմանը, շարունակում է քանդել տները:

«Մուշ կատարած վերջին այցելության ժամանակ ցավով տեսանք, որ շրջանի պատմական 300-ի հասնող հայկական տների 60 տոկոսը քանդվել է: Մեր քաղաքի հազարավոր տարիների պատմության ոչնչացումն անընդունելի է: Պատմական, մասամբ նաև բնապահպանական կարևորության տեսակետից չենք ուզում մեր շրջանում տեսնել Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչության (TOKİ) բետոնե շենքերը: Կարծես բավական չէր 1915 թվականի կոտորածը, այսօր հայերից մնացած հետքերի վերացումը կրկին օրակարգ է բերում ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների հարցը»,- նշ? ?լ է Դեմիր Չելիքը’ հայտնելով, որ իրենք չեն դադարեցնելու իրենք պայքարը:

Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) «քաղաքային վերակառուցում» նախագծի շրջանակում նախատեսում է Մուշի Քալե թաղամասի պատմական հայկական տների փոխարեն կառուցել 864 բնակելի տներ և 107 գրասենյակներ: Շուրջ 60 հազար քառակուսի մետր զբաղեցնող տարածքում վերակառուցումներ իրականացնելու վերաբերյալ վարչությունը համաձայնության է եկել բնակիչների 85 տոկոսի հետ:

Մուշի Քալե թաղամասում գտնվող տների ներկայիս բնակիչներից շատերը հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ: Սակայն, ի պատասխան նրանց բողոքների’ TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:

Մուշի պատմական հայկական տները քանդելու դեմ Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել միանալ և արգելել հայկական պատմական վերջին հետքերի ոչնչացումը Մուշում: «Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում