Մինչ օրս ԼՂ է վերադարձել ավելի քան 44 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

Մինչ օրս ԼՂ է վերադարձել ավելի քան 44 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զորախմբի իրադրության մոնիթորինգն իրականացվում է 23 դիտակետերում, ասված է Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մինչ այժմ ավելի քան 44 հազար արցախցիներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ։

Հումանիտար ականազերծման կենտրոնը շարունակում է չպայթած զինամթերքի և պայթուցիկ սարքերի որոնողական աշխատանքները: Այսօր ստուգվել է 423 շենք, 108 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 9 հազար պայթյունավտանգ առարկա, մաքրվել է ավելի քան 250 հեկտար տարածք։

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ, ռուս զինվորական բժիշկները մինչ օրս օգնություն են ցուցաբերել 902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի։

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Մարտունու շրջանում։ Խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը։ Տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման և խաղաղության պահպանման աշխատանքները կշարունակվեն պլանային կարգով, հավելում է ՌԴ ՊՆ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում