ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան

ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից դուրս հանել, հիմա ինքն ուզում է անօրինական ձևով աշխատանքից ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, ինքը չի կարող կանխագուշակել, թե ինչ սրացումներ կարող են առաջանալ Փաշինյանի և Գասպարյանի միջև, բայց Հայաստանում իրավիճակ սրողը միշտ Նիկոլ Փաշինյանն է։

Ըստ վարչապետի միասնական թեկնածուի, ընդդիմության առաջարկով արտահերթ նիստ գումարելը բոյկոտելը մտնում է իշխանությունների այն «պրիոմչիկների» մեջ, որոնք իրենք միշտ գործածում են ԱԺ-ում։

«Եթե ժողովրդի ճնշումը մեծ լինի, նրանք ստիպված կլինեն ընդառաջել»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով, «պլան Ա»-ն (Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրելը, խմբ.) իրեն շատ լավ արդարացնում է, քանի որ չի մնացել ՀՀ-ում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրվում են, և որևէ «պլան Բ»-ի անհրաժեշտություն կարող է և չառաջանա։

«Մի բան էլ ասեմ, «պլան Բ»-ի նախաձեռնողը դու չես, այլ ժողովուրդը։ Ինչ-որ իրադարձություններից հետո այն բռնկվում է»,- նկատեց նա։

Վազգեն Մանուկյանի գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, իսկ այդ մարդկանց մի մասն էլ պահանջում է Փաշինյանի հրաժարականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում