Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը, բայց դեռ վարույթ չի ընդունել

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը, բայց դեռ վարույթ չի ընդունել

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը, ՍԴ քարտուղարությունում այն մուտքագրվել է մարտի 10-ի ամսաթվով, այդ մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՍԴ մամուլի ծառայությունը։

ՍԴ–ից ստացված մեկնաբանության համաձայն՝ ՀՀ նախագահն այդ դիմումով վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 3 մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխանության հարցը։

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին օրենքով»,Սահմանադրական դատարանը 3 օր ժամանակ ունի նախագահից ստացված դիմումի համապատասխանությունը ՍԴ–ի մասին օրենքին պարզելու և, ըստ այդմ, այն վարույթ ընդունելու կամ մերժելու համար։ Դրանից հետո ՍԴ աշխատակարգային նիստով քննարկվում է գործը վարույթ ընդունելու հարցը, իսկ վարույթ ընդունելու դեպքում նշանակվում է դատական նիստ։ Նշված գործողությունների համար սահմանված ժամկետը 1 ամիս է, այսինքն՝ դատական նիստը նշանակվելու է շուրջ 1 ամիս հետո։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ կառավարությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի՝ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու դիմումը ՀՀ նախագահի կողմից չստորագրվելու դեպքում այն իրավունքի ուժով մարտի 10-ից ուժի մեջ է մտնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում