ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, Times․am: Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Սերդար Քըլըչի նշանակման վերաբերյալ, որի ձեւակերպումը Հայաստանում աննկատ մնաց: Այս մասին գրում է Mediamax.am-ը։
Դեռեւս դեկտեմբերի կեսին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Սակայն Էրդողանի հրամանագրում Սերդար Քըլըչի պաշտոնը ձեւակերպված է այսպես.
«Հայաստանի Հանրապետությունում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»:
Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը։
63-ամյա Սերդար Քըլըչը աշխատում է Թուրքիայի ԱԳՆ-ում 1984 թվականից։
Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի վարչության ղեկավարի, Լիբանանում Թուրքիայի դեսպանի, Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնները։