Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը․ կոչ՝ դիմադրության շարժման կազմակերպիչներին

Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը․ կոչ՝ դիմադրության շարժման կազմակերպիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, Times․am: Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին․

«Երեկ Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կյանքից հեռացավ մեր հմայիչ ու ինքնատիպ հաղորդավարուհիներից մեկը՝ Արմինե Ճաղարյանը։

Պակասեց միշտ ստեղծագործական գաղափարներով լի, գեղեցիկ էություն ունեցող մարդ, ով նույնպես պայքարում էր մարդկային, գեղեցիկ արժեքները պահպանելու համար։

Որպես լրագրող և ազգային արժեքների համար միշտ պայքարող հայուհի` ուզում եմ դիմել այս օրերին մեր երկրում տեղի ունեցող դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին, հարգելի ընդդիմությանը և ասել հետևյալը.

Հարգելի գործիչներ, վաղը՝ ժամը 18։00-21։00-ն, Կոնդի եկեղեցում տեղի կունենա հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։

Խնդրում ենք, որ այդ ժամանակահատվածում Պռոշյան փողոցում քայլերթ չկազմակերպվի։ Դիմադրության շարժման հիմքում առաջին հերթին պայքար է ազգային արժեքների համար։

Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը, որպեսզի նրան ճանաչողներն ու հարազատները կարողանան վերջին հրաժեշտի արարողությունը պատշաճ կազմակերպել և մարդկանց հոսքը չխոչընդոտվի։

Դիմադրության շարժումը նաև նման քայլերով պիտի տարբերվի։ Հուսանք, որ պատշաճ արձագանք կունենա իմ և շատերի այսպիսի գրառումը։

Հանգչես խաղաղությամբ, մեր հմայիչ գործընկերուհի, Արմինե Ճաղարյան։

Նշանակություն չունի , որ քեզ հետ որևէ տեղ աշխատելու առիթ չեմ ունեցել։ Այս ցավը ևս մերն է»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում