Լիտվայի նախագահը կաջակցի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանմանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, Times․am: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում խոստացել է ամեն կերպ աջակցել՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ՝ ամփոփելով իրենց քննարկման արդյունքները:
Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդհանուր ընդլայնելու վճռականության մասին:
Նախագահները հանդիպմանը հանգամանալից քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:
«Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը: Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ-ի, վերականգնողական էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները»,- ասաց Խաչատուրյանը:
Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: «Լիտվայի և Հայաստանի ջանքերն այս հարցում նույնական են: Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասաց ՀՀ նախագահը:
Այս համատեքստում կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Նախագահները քննարկմանն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում