Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, Times․am: Դեռ հստակ չէ, թե ուր են տեղափոխվելու Աղավնոյի բնակիչները, սակայն մեծամասնությունը ցանկանում է Հայաստանում ապրել: NEWS.am-ի հետ զրուցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ գյուղացիներն արդեն հավաքում են իրերը, սակայն չգիտեն` կոնկրետ ուր են մեկնելու:
«Մեծ մասը նախընտրում է Հայաստանում ապրել, մյուս մասն էլ Արցախում: Հայաստանում են ուզում ապրել, որովհետեւ մարդիկ չեն ուզում պատերազմ, ուզում են խաղաղ ապրել, իմ կարծիքով: Բնակիչների տրամադրությունը վատ է, մարդիկ ջղայնացել են, չեն ուզում լքել իրենց տունը, գյուղը»,- ասաց նա` հավելելով, որ ինքն իր բազմանդամ ընտանիքով բնակություն է հաստատելու Արցախում:
Աղավնոյի գյուղապետը անդրադառնալով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպմանը նշեց, որ իրոք իրենց ասել են, որ չայրեն տները:
«Խանումյանը ասաց չայրեք, ինչո՞ւ եք այրում, բայց մարդիկ կան, որ ունեն տունը այրելու ցանկություն, քանի որ ատելությամբ են լցված ու չեն հաշտվում այս ամենի հետ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու Աղավնոյի բնակիչները իր գլխավորությամբ չեն պայքարում գյուղում մնալու, հողը պահելու համար, Չավուշյանը նշեց, որ պետությունը իրենց կողքին չէ այդ հարցում:
«Բնակիչն իրեն պետք է զգա անվտանգ, իր կողքին պետք է լինի պետություն: Մեր պետությունը լուծարել է բանակը ու ասում են, որ ով մնաց այստեղ ահաբեկիչ է, ու չկա մեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մի մարդ, որ պաշտպանի հային, դեռ հակառակը, այսքան զոհերը տալն էլ անվանում են ոչնչի համար: Այս առումով, եթե մենք մնանք այստեղ, թուրքերին հերթական հաղթանակն ենք ապահովելու, մենք էլի նույն հոգեբանությունը ունենք, բայց մի քիչ էշ նահատակ դառնալու խնդիր կա»,-ասաց նա:
Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ ադրբեջանցիներից նամակ են ստացել, որ լքեն տարածքը, հակառակ դեպքում կոշտ քայլերի կդիմի հակառակորդը:
«Իրենք ճանապարհը կառուցել են, իսկ էս իշխանությունները ոչինչ չեն արել մեր հատվածում: Իշխանությունները եկան, ասացին, որ մենք թույլ ենք, չենք կարող ոչինչ անել թուրքական բանակի դեմ, որովհետեւ պատահական չէ, որ թուրքական բանակ են բերել այստեղ: Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, կղզիացված ձեւով, անտեր մնացած եւ կարծում եմ` պետք չի հաղթանակ պարգեւել թշնամուն: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել, թե ինչու այսպես եղավ, որ այսօր մենք տեղահանվում ենք»,-ասաց Աղավնոյի գյուղապետը` հույս հայտնելով, որ այնուամենայնիվ հույսները չեն կորցնում, որ վերադառնալու են Աղավնո:
Նշենք, որ Աղավնոյից ընդհանուր առմամբ տարհանվելու է 204 բնակիչ:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում