Ադրբեջանը հաշվի չի առել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհուրդները. առաջին միջանկյալ զեկույց
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը հրապարակել է ընտրական արշավի մոնիթորինգի առաջին միջանկյալ զեկույցը:Առաքելությունը հայտարարել է, որ այդ երկրում հաշվի չեն առել ընտրական պրակտիկայի կատարելագործման մասին իրենց նախորդ խորհուրդները, բացի բողոքների քննարկման գործառույթի պարզեցումից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ընդգծվել է, որ Ադրբեջանում ընտրություններն անցնում են մեկ քաղաքական ուժի’ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գերիշխման պայմաններում:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության անդամները նաեւ անհանգստություն են հայտնել մամուլի հետ կապված «միջավայրի», այդ թվում նաեւ համազգային բոլոր հեռուստաալիքների նկատմամբ կառավարության վերահսկողությանը:
ԺՀՄԻԳ դիտորդները փաստել են, որ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ցանկություն են հայտնել հետեւել ընտրություններին, զրկված են դրանից, քանի որ Ադրբեջանի օրենսդրության մեջ փոփոխությունները սահմանափակում են ընտրությունների մոնիթորինգի հնարավորությունը նրանց կողմից:
Ադրբեջանի խորհրդարանում գերիշխում է նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ղեկավարվող կուսակցությունը, որը խորհրդարանում զբաղեցնում է 125 տեղերից 70-ը: 42 անկախ պատգամավորներից կազմված խումբը նույնպես ավանդաբար քվեարկում է իշխող կուսակցության օգտին: Գլխավոր ընդդիմադիր «Մուսավաթ» եւ Ժողովրդական ճակատ կուսակցությունները 2010 թ-ի ընտրություններում ոչ մի տեղ չեն զբաղեցրել խորհրդարանում:
Համազգային բոլոր հեռուստաալիքները գտնվում են կառավարության վերահսկողության տակ: Բազմակարծիք քաղաքական եկխոսությունները հեռուստատեսությունում գործնականում բացակայում են: Շրջաններում սահմանափակված է տպագիր մամուլի տարածումը: Թեկնածուների համար վճարովի եթեր խոստացել է տրամադրել միայն հանրային հեռուստատեսությունը: Ադրբեջանի ընտրական օրենսգրքում նորությունների ծրագրերում թեկնածուների եւ քաղաքական կուսակցությունների հավասարակշռված լուսաբանում նախատեսված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում