Լավրովն սպասում Է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի «վերջնական» զեկույցին
Նմանատիպ
ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր դեպքերի հետաքննությունից հետո պետք Է վերջնական զեկույց ներկայացնեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կարծում ենք, որ անպայմանորեն պետք Է հետաքննվի նաեւ օգոստոսի 21-ից հետո քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումը: Այդ բոլորը փորձագետները պետք Է կատարեն, եւ դրանից հետո արդեն նրանք կկազմեն իրենց այդ առաքելության վերաբերյալ վերջնական զեկույցը»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է Լավրովը՝ ամփոփելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Իր հերթին Ֆաբիուսը, որն ավելի վաղ պահանջել Է Անվտանգության խորհրդի բանաձեւում պատժամիջոցներ ներառել նրանց դեմ, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայում, «RTL» ռադիոկայանի եթերում հայտարարել Է, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը կասկածներ չի թողնում, որ քիմիական զենքի օգտագործման համար մեղավոր են Սիրիայի իշխանությունները:
Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ը ներկայացրել է իր տեսուչների զեկույցը, որում ասված է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանի վրա կատարված հարձակման ըթնացքում օգտագործվել է զարին գազը: Տեսուչների պատվիրակությունն առաջադրանք չի ունեցել պարզելու, թե հատկապես ով է կիրառել քիմիական նյութը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները հայտարարել են, որ տեսուչների կողմից հավաքված տեխնիկական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ միայն կառավարական զորքերը կարող էին իրականացնել այդ գրոհը:
Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել «չշտապել այդօրինակ եզրակացություններ անելիս» եւ հավելել է, որ առայժմ չի կարելի ամբողջովին ժխտել այն պնդումները, որ օգոստոսի 21-ի քիմիական գրոհի համար պատասխանատվություն են կրում սիրիացի ապստամբները:
ՄԱԿ-ի զեկույցում ասված է, որ Դամասկոսի արվարձանում օգտագործվել են զարինով լցված հրթիռներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դա որակել է հրեշավոր հանցագործություն: «Հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ Գուտայում՝ Դամասկոսի շրջանում, քիմիական զենքը կիրառվել է բավականին մեծ քանակությամբ: Այդ գրոհը հանգեցրել է մեծ թվով զոհերի, գլխավորապես՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է Պան Գի Մունը՝ ներկայացնելով տեսուչների զեկույցը:
Երբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պան Գի Մունին հարցրել են, թե նա գիտի արդյոք՝ ով է կանգնած գրոհի ետեւում, նա պատասխանել է, թե «մենք բոլորս կարող ենք մեր մտքերն ունենալ այդ կապակցությամբ» եւ հավելել, որ «ուրիշներն են որոշելու»՝ ինչ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի կարծիքով՝ «ՄԱԿ-ի զեկույցում շարադրված տեխնիկական մանրամասները պարզորոշ մատնանշում են, որ միայն ռեժիմն էր ի վիճակի իրականացնել նման մասշտաբի քիմիական գրոհ»:
«Զեկույցի տեխնիկական մասից հետեւում է, որ այդ գրոհի համար պատասխանատվություն է կրում բացառապես սիրիական ռեժիմը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում