Մաքսային միությանն անդամակցելը գազի գնի հարցով օգուտներ կբերի Հայաստանին. ՎԶԵԲ

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալը կնպաստի գազի գնի նվազմանը՝ ինչը դրական կազդի տնտեսության վրա: Այս մասին սեպտեմբերի 19-ի ասուլիսիում նշեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով տնօրեն Բրունո Բալվաներան: Նա հիշեցրեց, որ Մաքսային միության կազմում գտնվող երկրներում գազի գինն ավելի ցածր է, քան այդ կառույցին չանդամակցող պետություններում: «Միակ բանը, որ մենք գիտենք, այն է, ո ր Հայաստանը օգուտներ կքաղի գազի սակագների առումով: Դա, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության և, իհարկե, սղաճի վրա»,- նշեց ՎԶԵԲ պաշտոնյան:

Բրունո Բալվաներան հիշեցրեց, որ Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը նաև ՎԶԵԲ անդամ են: Բալվաներան, սակայն, վաղ համարեց Հայաստանի տնտեսության վրա Մաքսային միությանը երկրիի միանալու այլ ազդեցությունների մասին խոսելը:

Սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Միաժամանակ, ՀՀ Նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Ասոցացման հա մաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում