Ադրբեջանցիների կաշառակերության պատճառով խստացվում են «Եվրատեսիլի» կանոնները
Նմանատիպ
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեն մրցույթի կանոնները խստացրել է ժյուրիի անդամներին Ադրբեջանի կողմից կաշառելու մասին եվրոպական մամուլում հրապարակված պնդումներից հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով բրիտանական The Independent թերթը, մրցույթի գործադիր ղեկավար Յան Օլա Սանդը հաստատել է, որ կանոնների խստացումը կատարել են ժյուրիի անդամներին Ադրբեջանի կողմից կաշառվելու պատճառով:
Նոր կանոններով յուրաքանչյուր մասնակից երկիր մրցույթից առաջ պետք է հրապարակի ժյուրիի անդամների անունները, ինչը նախկինում արվում էր եզրափակիչ փուլից հետո: Յան Օլա Սանդն ասել է, որ ժյուրիի անդամները պետք է անկախ լինեն, եւ մրցույթից առաջ նրանց անունների հրապարակումը օգնելու է թափանցիկության ապահովմանը:
«Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավարն ասել է նաեւ, որ այս տարվա մրցույթի ժամանակ Ադրբեջանի կողմից ժյուրիի անդամներին կաշառելու վերաբերյալ տեղեկությունը հետաքննությունը շարունակվում է, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել: Նրա խոսքով’ եթե այդ պնդումները հաստատվեն, ապա Եվրոպայի հեռարձակողների միության կողմից պատժամիջոցներ կիրառումն անխուսափելի կլինի:
Յան Օլա Սանդի այդ հայտարարությունը, The Independent թերթից բացի, հրապարակել են նաեւ մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ:
«Եվրատեսիլ-2013»-ի ժյուրիի անդամներին Ադրբեջանի կաշառելու մասին պնդումները հրապարակվել էր շվեդական մամուլում: Հետո այդ պնդումների շուրջ աղմուկը շարունակեց եվրոպական մամուլը: Մասնավորապես, լիտվական 15min.lt կայքը լրագրողական հետաքննություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ մրցույթի օրը մի խումբ մարդիկ Լիտվայում եւ այլ երկրներում զանգվածաբար «գնել» են հեռուստադիտողների ձայներն Ադրբեջանի օգտին:
Եվրոպայի հեռարձակման միությունն այդ առնչությամբ հայտնել է, որ կաշառատվության պնդումների հետ կապված մի քանի նամակ է ուղարկել Ադրբեջանի հանրային հեռուստաալիքին: «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության ղեկավարությունը մինչեւ այսօր չի մեկնաբանել կաշառքի հետ կապված պնդումները, այն դեպքում, երբ նշվում էր, որ ժյուրիի անդամներին կաշառքը տրվել է ադրբեջանական ներկայացուցչական պատվիրակության ղեկավարության կողմից:
«Եվրատեսիլ-2014»-ին մասնակցությունից հրաժարվել են Խորվաթիան, Անդորան, Մոնակոն, Լյուքսեմբուրգը, Մարոկոն եւ Սլովակիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում