Ադրբեջանը մերժում է Բունդեսթագի պատգամավորի մուտքն իր երկիր
Նմանատիպ
Ադրբեջանն արգելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած’ Բունդեսթագի պատգամավորի մուտքն իր երկիր: Այս խնդրին անդրադարձել է «Համբուրգեր աբենդբլաթ» օրաթերթն իր սեպտեմբերի 18-ի համարում’ ընդարձակ հոդված նվիրելով խնդրին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը: «Ադրբեջանը շատ կտրուկ և անսպասելի վարվեց: Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեն ա յցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց հետևյալ ձևակերպմամբ’ «պետական սահմանների ոչ իրավական հատում և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»: Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին, որի պատճենը ստացել է թերթի խմբագրությունը: Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո շուրջ քսան տարի է՝ փխրուն զինադադար է տիրում:
Օրեր առաջ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն, որպես արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների անդամ, Հայաստան կատարած իր այցի ընթացքում ուղևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել է ԼՂ նախագահի հետ, որի ղեկավարած երկիրն անկախություն է հռչակել: Եվ ահա Բաքուն մերժում է Կլիմկեի մուտքն Ադրբեջան, ով հոկտեմբերին պատրաստվում էր դիտորդի կարգավիճակով ներկա լինել Կովկասյան ավտորիտար երկրի ընտրություններին: Այն, որ Կլիմկեի մուտքն Ադրբեջան արգելվել է, այդ մասին օրաթերթի խմբա գրությանը հաստատել է նաև Ադրբեջանի դեսպանությունը: Այս կարգը գործում է բոլոր նրանց համար, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղը, որտեղ հիմնականում հայեր են ապրում, մոտ երկու անգամ մեծ է Սաար երկրամասից: 1991թ. հռչակել է իր անկախությունը: 1920թ. Սովետական իշխանությունների գրչի մեկ հարվածով Լեռնային Ղարաբաղը հատկացվել է Սովետական Ադրբեջանին: 1990-ականների սկզբին շուրջ մեկ միլիոն հայեր և ադրբեջանցիներ են տեղահանվել, 50.000 մարդ զոհվել է պատերազմի ժամանակ: Կլիմկեն ափսոսում է և առաջարկել է Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպել և խոսել: Նա համարում է, որ իր այցն անհրաժեշտ էր հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ կարծիք կազմելու համար: «Ինձ անցանկալի անձ հայտարարելն օգտակար չէ, իմ ձեռքը մեկնած է մնում», – այսպես է պատասխանել Կլիմկեն: Ադրբեջանը հղում է կատարում տարածքային ամբողջականության, իսկ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ Ազգերի ինքնորոշման սկզբունքին:
ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն սեպտեմբերի կեսերին Երեւան է այցելել «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ: Նրանք Հայաստանում եւ ԼՂՀ-ում պաշտոնական մի շարք հանդիպումներ են ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում