Շուշիում բացվել է Լոս Անջելեսի հետ բարեկամությունը խորհրդանշող պուրակ
Նմանատիպ
Շուշի քաղաքում սեպտեմբերի 23-ին բացվել է Շուշի և Լոս Անջելես քաղաքների բարեկամությունը խորհրդանշող պուրակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձան:
Բացման արարողությանը ներկա են եղել Արցախ ժամանած Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր: Արարողությանը ելույթ են ունեցել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը:
Նրանք ընդգծել են Լոս Անջելես և Շուշի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին 2012 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով սկիզբ առած համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:
Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Շուշի և Լոս Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացումը երախտագիտության նշան է Լոս Անջելեսի բնակիչների և իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Պուրակի բացման արարողության ավարտին Շուշիի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանին է հանձնվել Շուշիի քաղաքային խորհրդի հայտարարությունը, որով քաղաքի իշխանությունները ողջունում են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը և իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ զարգացնելու բարեկամական կապերը երկու քաղաքների միջև: Կողմերը քննարկել են նաև համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում