Հայաստանի բոլոր գազալցակայաններն արդեն ունեն բաշխիչ աշտարակներ
Նմանատիպ
Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում գործող ավելի քան 300 գազալցակայաններում ավարտվել է բաշխիչ աշտարակների տեղադրման գործընթացը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
«Այս տարի տեսչությունը շեշտը դրել էր գազալցակայննների վրա, որպեսզի բոլորն ունենային բաշխիչ աշտարակներ։ Եթե երկու տարի առաջ գործող գազալցականներից 280-ը չունեին այդ աշտարակները, ապա այսօր կարող եմ ասել, որ 312 գազալցակայանից միայն 11-ը չունեն, որոնց գործունեությունն էլ կասեցվել է»,- ասաց Խալիկյանը։
Նա հիշեցրեց, որ բաշխիչ աշտարակը հնարավորություն չի տալիս 200 մթն-ից (կգ սմ2) ավելի ճնշումով լիցքավորել մեքենայի գազաբալոնը, որն ավելի ապահով է դարձնում լցակայանների աշխատանքը և նվազեցնում ստվերային գործունեությունը։
Կառավարությունը դեռ 2008 թ. ընդունել է որոշում, որ բոլոր արագ գազալցման ճանապարհային կայաններում (ԱԳԼՃԿ) պետք է տեղադրվեն բաշխիչ աշտարակներ: Դա անհրաժեշտ էր սպառողների անվտանգության և ստվերը վերացնելու նկատառումներից: Սակայն 2009 թ. ճգնաժամի հետ կապված կառավարությունը հետաձգեց բաշխիչ աշտարակների տեղադրումը, քանի որ դա ծախսատար գործընթաց է: 2011 թ. օգոստոսին Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը վերսկսեց ստուգումները, և այն տնտեսվարողները, որ գազալցակայաններում չունեին բաշխիչ աշտարակներ, տուգանվեցին 50-100 հազար դրամով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում