Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին մեղադրեց մամուլում իր դեմ հոդվածներ պատվիրելու մեջ

Ազգային ժողովում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջև:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը արտահերթ կարգով ելույթ ունեցավ՝ առաջարկելով ընդունել բուռն քննարկումների առարկա դարձած նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ձկնաբուծարաններին տրվող արտոնությունները, քվեարկությամբ ընդունել, սակայն միևնույն ժամանակ բնապահպանության նախարարին առաջարկել 2014թ.-ի առաջին եռամսյակում համալիր ծրագիր ներկայացնել Ազգային ժողով, թե ինչպես են իրականացվելու հետագա աշխատանքները:

Այնուհետև ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը, ով Հովիկ Աբրահամյանին մեղադրեց ապօրինի ձկնաբուծական բիզնես վարելու մեջ՝ նշելով, որ օրենքի նոր նախագիծը հակասում է վերջինիս շահերին: «Ես այստեղ ակնհայտ շահերի բախում եմ տեսնում: Կառավարության ներկայացրած նախագիծը հակասում է պարոն Աբրահամյանի շահերին, ինչի համար էլ նա քիչ առաջ արտահերթ ելույթ ունեցավ»,- նշեց Փոստանջյանը:

ԱԺ նախագահը կրկին արտահերթ կարգով ելույթ ունեցավ՝ նշելով, որ իր համար գաղտնիք չէ, որ իր մասին բազմաթիվ կեղծ և պատվիրված հոդվածներ են գրվում: «Բիզնեսով զբաղվելն, իհարկե, օրենքով արգելված է պատգամավորներին, բայց օրենքը թույլ է տալիս բիզնեսի կառավարման և այդ տեսանկյունից ունենալ բիզնես: Եթե ձկնաբուծության ոլորտում բիզնես ունենամ, ես չեմ ամաչի այդ մասին հայտարարել»,- նշեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր զբաղվում են իր նկատմամբ մամուլով պատվերներ տալով: «Դա հստակ է, մեր երկիրը փոքր երկիր է, և մենք բոլորս գիտենք, թե որ լրատվամիջոցն ում կողմից է կառավարվում, և ինչ պատվերներ են իջեցվում, և ինձ համար այսօր ևս մի պատվիրատուի հայտ եկավ, ով տարածում է, որ ես ունեմ ձկնաբուծական օբյեկտ, զբաղվում են ձկնարդյունաբերությամբ: Փաստորեն, պատվիրատուն դահլիճում նստած է, և իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, ով իմ հասցեին սուտ հերյուրանքներ է տարածում մամուլում: Դա հարիր չէ պատգամավորին, և ես խորհուրդ  կտամ զբաղվել իր ընտանիքով, իր երեխաների դաստիարակությամբ»,- ասաց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև ժողովրդի անունից խոսող անձանց: «Նստած այստեղ-այնտեղ, աշխատասենյակում, տանը լսում են, թե որտեղ ինչքան բողոքող մարդ կա, վազում են այնտեղ և Քրիստոսի դերակատությունը ստանձնելով’ հայտարարում են, որ եկել են նրանց պրոբլեմները լուծելու: Ամոթ է, ամոթ: Դա բոլորը հասկանում և տեսնում են: Դրանով չէ, որ հասարակության մասին պետք է մտածել, կոնկրետ գործով դա ապացուցեք: Ոչ թե զբաղվեք Աբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով, մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչներին, լրագրողներին, այլ դրանք տվեք մանկատներին, ծերանոցներին, աղքատներին, հիվանդ երեխաներին»,- հայտարարեց խորհրդարանի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում