Թուրքիայի իշխանությունները տեղյակ էին երկիրը ցնցած կոռուպցիայի մասին
Նմանատիպ
Թուրքիայում 2013 թ-ի դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության շրջանակում ձերբակալված ծագումով ադրբեջանցի Իրանից գործարար Ռեզա Զարրաբի եւ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն կապերի մասին պետական մարմիններին, մասնավորապս Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) հայտնի է եղել վաղուց: Անգամ դրա հետ կապված դեռ 2013 թ-ի ապրիլին հատուկ գործ է պատրաստվել եւ ներկայացվել կառավարությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:Հակակոռուպցիոն գործողության սկզբից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հայտարարել էր, թե տեղյակ չի եղել նման գործողություն պատրաստվելու մասին, եւ որ այն կազմակերպվել է գաղտնի եւ ուղղված է կառավարության դեմ:
Այսպես, MIT-ի երեք էջանոց Զեկուցման մեջ նշվում է, որ Ռեզա Զարրաբը մոտ հարաբերություններ ունի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի եւ ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի հետ: Խոշոր կաշառքի դիմաց Չաղլայանը կարգավորել է Իրանի հետ ոսկու առեւտրի հետ կապված Զարրաբի բոլոր գործերը, իսկ Գյուլերը լուծել է Զարրաբի ընտանիքի անդամներին Թուրքիայի քաղաքացիություն տալու հարցերը: Զեկուցման վերջում նշվում է, որ եթե նախարարների հետ Զարրաբի կապերը բացահայտվեն, ապա դա կարող է օգտագործվել կառավարության դեմ:
«Ռեզա Զարրաբը, ով շրջանցելով Իրանի դեմ գործող արգելանքները, դրամային փոխանցումներ է կատարել, կարող է ընկնել ԱՄՆ-ի «սեւ ցուցակ»: Իսկ Թուրքիայում նրա գործունեությունը կգրավի ամբողջ հասարակության ուշադրությունը», -ասպես է ավարտվում 8 ամիս առաջ թուրքական կառավարության համար MIT-ի պատրաստած դոսյեն:
Ուշագրավ է, որ Թուրքիան ցնցած մոտ 200 մլրդ արժողությամբ կոռուպցիոն գործի բացահայտումից հետո, որին անդրադարձել էր նաեւ ԱՄՆ-ը, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի Իրանից բնական գազ ներկրել»: Ինչպես հաղորդել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, նրա խոսքով’ 2013 թ-ին գնված կապույտ վառելիքի համար Անկարան Իրանին 4,5 մլրդ դոլար է վճարել, իսկ ներկրված նավթի համար թուրքական TUPRASH ընկերությունը 3,1 մլրդ դոլար է փոխանցել Իրանին:
Թաներ Յըլդըզը նշել է, որ Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումները ոչ մի կապ չունեն Թուրքիայի հետ: «Այդ պատճառով պաշտոնական Անկարան կատարում է միայն ՄԱԿ-ի որոշումները: Թուրքիան կապված է ՄԱԿ-ի որոշումներին: Թուրքիան իրավական պետություն է, իսկ Իրանը հարեւան, եղբայրական երկիր է: Եվ մենք նրա հետ կշարունակենք կապույտ վառելիքի հետ առեւտրային գործողությունները», -հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ radikal.com.tr լրատվական կայքին հայտնի է դարձել, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը իրանական Pouya Havayollari ընկերությանը երկու Բոինգ ինքնաթիռներ վաճառելու համար թուրքական AdaeroInternationalTrade ընկերությանը մտցրել է իր «սեւ ցուցակի» մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում