Հայկ Սահակյանցի Quantum jump մուլտֆիլմը կարճ ֆիլմերի փառատոնում արժանացել է դիպլոմի
Նմանատիպ
Վիրտուալ տիրույթում 2014 թվականի առաջին օրերին անցկացված կարճ ֆիլմերի ինտերնետային փառատոնում (Internet Short film festival) մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցի նկարահանած Quantum jump (Քվանտային թռիչք) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն արժանացել է դիպլոմի’ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սահակյանցը պատմեց, որ հենց համացանցի միջոցով է տեղեկացել մրցույթի անցկացման մասին: «Տեղեկանալով մրցույթի մասին’ համացանցում տեղադրեցի Quantum jump-ը: Մրցույթն անցկացվում է ինտերնետում’ լավագույններին որոշելով դիտողների և ժյուրիի անդամների քվեարկության հիման վրա»,- պատմեց Սահակյանցը:
Նրա խոսքով, համաձայն այս փառատոնի կանոնադրության, սկզբնական փուլում հաշվի են առնվում տվյալ ֆիլմի հավաքած Like-երի քանակը, այնուհետև ֆիլմը հանձնվում է ժյուրիի դատին:
Կարճամետրաժ ֆիլմը դիպլոմի է արժանացել «Անիմացիա» անվանակարգում:
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ընկերության մուլտիպլիկատորի խոսքով’ այս փառատոնը 9-րդ էր Quantum jump-ի կենսագրության մեջ: Բացառված չէ, որ այն առաջիկայում մասնակցի միջազգային նոր փառատոների:
7 րոպե տեւողությամբ այս մուլտֆիլմում առաջին անգամ նորովի են կիրառվել 3D տեխնիկայի բոլոր հնարավորությունները: Quantum jump-ը ծիծաղելի պատմություն է Շաոլին վանքի երիտասարդ միաբանի մասին: Երիտասարդը, ավագ վարդապետների նման երազում է տիրապետել մեդիտացիայի բոլոր կանոններին եւ բարձրանալ: Սակայն նրան վստահել էին միայն հավաքարարի աշխատանքը: Մի օր նա գաղտնի մտնում է մի սենյակ, ընդունում ջրաշուշանի դիրք, կենտրոնանում եւ փորձում բարձրանալ: Մի քանի անհաջող փորձից հետո մեծ աղմուկով ու դղրդյունով ամբողջ վանքը բարձրանում է օդ եւ կախվում կիրճից:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, նկարիչը’ Էռնեստ Մուրադյանը: Բյուջեն կազմել է մոտ 8 միլիոն դրամ: Quantum jump-ը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենրտրոնի աջակցությամբ: Ֆիլմի երաժշտական և ձայնային ձեւավորմանը աջակցել է ռուսաստանյան «Թունբոքս» ընկերությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում