Ուկրաինական Ռադան օգնություն է խնդրել ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից

Ուկրաինայի Գերագույն Ռադան լիագումար նիստի ժամանակ որոշել է դիմել Բուդապեշտի հուշագիրը ստորագրած անդամ երկրներին’ Ղրիմում տեղի ունեցող վերջին զարգացումներով պայմանավորված խնդրելով երաշխավորել երկրի անվտանգությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պատգամավորները նաև կոչով դիմել են Ռուսաստանին’ հորդորելով դադարեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունները:

Նույն լիագումար նիստի ժամանակ խորհրդարանականները օրենք են ընդունել Գերագույն Ռադայի պատգամավորներին տրվող արտոնությունների վերացման մասին: Փետրվարի 28-ի գիշերը Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ՈՒկրաինայում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները մտադիր է հաղթահարել դիվանագիտական ուղիներով: «Մենք փորձում ենք գործել’ ուշադրության կենտրոնում պահելով դիվանագիտությունը: Դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է»,- CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:

Հիշեցնենք, որ Ղրիմի նոր վարչապետ Աքսենովը, որը նշանակվել է փետրվարի 27-ին, շաբաթ առավոտյան հանդես է եկել արտակարգ հայտարարությամբ որով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ինքնավար հանարապետությունում խաղաղություն և կայունություն ապահովել:

1994-ի Բուդապեշտի հուշագրով Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը: Ուկրաինայի համար որևէ ռազմական սպառնալիք ստեղծվելու դեպքում այդ տերությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ են տեղափոխում խնդիրը և պաշտպանում են Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում