Իրանը ևս մի բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Ադրբեջանում Իրանի դեսպանությունը կրկին բողոքի նոտա է հղել ադրբեջանական կողմին՝ այնտեղ ձերբակալված լրագրողների դեպքի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, ԻԻՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին, ուստի Իրանի դեսպանությունը պահաջում է, որպեսզի լրագրողներն անհապաղ ազատ արձակվեն»:

Գործակալությունը նաև հարցազրույց է վերցրել Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի եղբայր Դավուդ Ահմադինեժադից, ով նույնպես անդրադարձել է Ադրբեջանում իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունների հարցին:

«ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո է Ադրբեջանը գնացել այդ քայլին: Ադրբեջանի նման երկրները գործում են գերտերություններին կից, և անկախություն, որպես այդպիսին, չունեն, քանի որ նմանատիպ քայլերը վկայում են, որ այդ երկրները զուրկ են անկախությունից», ասել էԴ.Ահմադինեժադը:

Նշենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԻԻՀ ԱԳՆ ևս մեկ բողոքի նոտա էր հղել Ադրբեջանին, որն առնչվում էր իրանցի գիտանականների նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձանց` Ադրբեջանում ունեցած գործունեությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում