Բնապահպանության քարոզչական կողմը

Վերջին շաբաթվա ամենաշատ քննարկվող թեմաները Մաշտոցի այգին, քաղաքապետարանն ու բնապահպաններն են: Մեկ ամիս առաջ բնապահպանները գրեթե նույն իրավիճակում էին, ուղղակի Քաջարանում, իսկ դրանից էլ մեկ ամիս առաջ՝ Թռչկանում և այդպես տարբեր լայն լուսաբանված բնապահպանական թեմաներ, որոնք առաջանում են օբյեկտիվորեն, ոլորտի անմխիթար վիճակից:

Ամեն անգամ բնապահպանները հայտնվում են լրատվամիջոցների թեժ թողարկումներում, թերթերի առաջին էջերում գերազանցապես դրական ենթատեքստով, որպես «չարի» դեմ պայքարողներ: Իսկ իշխանություններն, ի դեմս քաղաքապետարանի, Թռչկանի օգտագործման որոշումը չեղյալ չհամարող կամ Քաջարանի գյուղացիներին տներից քշող կառավարության՝ մարմնավորում են չարը, հակազգայինը, նույնիսկ՝ հակապետականը: Այս պատմությունը կրկնվում է պարտաճանաչ պարբերականությամբ:

Հետաքրքիր է, որ բնապահպաններին հանուն արդարության իշխանությունների դեմ պայքարողների են ընկալում գրեթե բոլորը, բացի բուն իշխանություններից ու իշխանությանը սպասարկող անձնակազմից (երբեմն այս ոլորտում նույնպես մարդիկ ներքուստ համոզված են, որ բնապահպանները պայքարում են «հանուն ճշմարտության»):

Բնականաբար, դեպքերի նման դասավորվածությունը չէր կարող աչքաթող արվել տարբեր քաղաքական շարժումների ու կուսակցությունների կողմից, որոնք բնապահպանական թեմաների բարձրացման շարժիչ ուժ ինքնուրույն չեն կարողանում դառնալ, բայց շատ արագ հայտնվում են բնապահպանների կողքին, հույս ունենալով հանրային դրական վերաբերմունքից իրենց ավարի բաժինը պոկել և միավորներ հավաքել առաջիկա ընտրություններում, ինչը անշուշտ որոշների մոտ կստացվի:

Կա նաև հարցի մեկ այլ կողմը՝ արդյո՞ք բոլոր բնապահպաններն են ազնիվ, և պայքարի են ելել միայն հանուն գաղափարի, ինչպես որ ներկայացվում է. առանց հստակ տեղեկատվության էլ կարելի է ենթադրել, որ բնապահպանների մեջ էլ կլինեն «ոչ ազնիվները», սակայն ընդհանուր բնապահպանների ստեղծած դրական իմիջի մթնոլորտում դրանք անտեսանելի են և բնապահպանի ազնվության վրա կասկածելը միանշանակ չի ընդունվում:

Անդրադառնալով միայն խնդրի արտաքին, քարոզչական դրսևորումներին, հարց է առաջանում, թե ինչո՞ւ իշխանությունները ոչինչ չեն անում «չարի» դիմակից ազատվելու համար, գոնե նախընտրական շրջանում: Թռչկանի դեպքում հակամարտությունը մի գյուղական օլիգարխիկի հետ էր, Մաշտոցի պուրակի դեպքում՝ մի քանի հագուստի խանութների, որոնց շահույթը չնչին է, թե համեմատենք իշխանություններին հասցված վարկանիշային վնասի հետ: Բայց միևնունն է, արդյունքում ստանում ենք ընտրություններից առաջ վարկաբեկված իշխանություն և բարձր վարկանիշերով բնապահպաններ: Մինչև ե՞րբ է այս մեխանիզմը շարունակելու գործել:

Գուցե իշխանություններն այնքան ծանրաքարշ են, որ չեն կարողանում ժամանակին խնդիրներին լուծում տալ, և հարցը լուծվում է մի լավ հակաիշխանական քարոզարշավից հետո (ինչպես Թռչկանի դեպքում էր), գուցե վերևներին չի հետաքրքրում սեփական վարկանիշը կամ հետաքրքրում է ավելի քիչ, քան երկու հագուստի խանութի տիրոջը չնեղացնելը: Ամեն դեպքում բնապահպանական շարժումները օբյեկտիվորեն վերածվել են իշխանություններին սևացնող անսխալ գործող մեխանիզմի, անկախ իրենց կարևորությունից ու նպատակներից:  

Վարդան ՄՈւՇԵՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում