Թերթերն այսօր. ՀՀ-ում Իտալիայի դեսպանը շրջանցու՞մ է ՀՀ օրենքը
Նմանատիպ
Ընտրություններ.
«Երկիր» օրաթերթը գրում է. «Ընդդիմության ամբողջ ռեսուրսներն ընտրակեղծիքների դեմ ուղղորդելը քաղաքական անհրաժեշտություն է ընդդիմության կոնսոլիդացման կարողականությունն ամրագրելու և ընտրությունների համար քաղաքական ընդհանուր պատասխանատվություն ստանձնելու առումով: Այս նպատակով ձևով ու բովանդակությամբ նոր մեխանիզմներ շրջանառության մեջ դնելը կարող է ձևավորել ընդհանուր պլատֆորմը:
Բայց արդյո՞ք սա բավարար է հաջողության համար: Ընդդիմությունը կարող է անգամ 10 հազար մարդ մոբիլիզացնել, բայց նրանք ունակ են լինելու վերահսկել միայն քվեարկության պրոցեսը: Մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ խախտումները ընտրատեղամասերում չեն կատարվելու: Նորմալ ընտրություններ ունենալու համար քաղաքականից բացի անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքացիական պատասխանատվություն: Ընդդիմության, հասարակության առողջ փոքրամասնության առաջնային խնդիրը քաղաքացիականության դաստիարակումն է` ուղղված հանրային անտարբերության, հարմարվողականության դեմ, որոնք հնարավոր են դարձնում հասարակության փոքրամասնության կողմից մեծամասնության ճակատագրի կանխորոշումը: Հետևաբար, կամավորության գաղափարը պետք է սնունդ առնի քաղաքացիական գիտակցությունից: Կամավոր պետք է դառնա հասարակության բացարձակ մեծամասնությունը, այլընտրանք չկա»:
Ըստ «Հրապարակ» թերթի՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնում ՀՀԿ կորիզի չհանդուրժելը պայմանավորված է նրանով, որ այս նախընտրական թեժ շրջանում, երբ ինքը ՀՀԿ շտաբում է, իր որոշ կադրեր ու պրոյեկտներ անդամակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Օրերս ԲՀԿ-ին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ «Համերաշխություն» կուսակցությունը, որն Արմեն Գևորգյանի պրոյեկտն է: «Առաջնորդվելով գաղափարական ընդհանուր մոտեցումներով և ելնելով Հայաստանի ապագայի մեր տեսլականից` «Համերաշխությունը» որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` ներդնելով ողջ ջանքն ու եռանդը և ապագա Ազգային ժողովում որակյալ մեծամասնություն ձևավորելու ակնկալիքով»,- հայտարարել էր կազմակերպության առաջնորդ Սարգիս Ավետիսյանը: Երեկ կեսօրին լրատվամիջոցներից մեկում հայտնվեց մեկ թարմ «փաստ» ևս: «Ծրագրային առաջարկներ» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ Էլինար Վարդանյանը հայտարարել է, թե միանալու է ԲՀԿ-ին: Նրան նույնպես քաղաքական ասպարեզ է հանել Արմեն Գևորգյանը: Թերթը նաև նշում է, որ վերջինիս կադրերից է համարվում քաղաքականության մեջ պարբերաբար հայտնվող ամենաճամբարափոխ ջահելը` Վահան Բաբայանը, որը ՀՀԿ-ի գրկում ապաստանելուց հետո սահուն անցում կատարեց դեպի ԲՀԿ: Ահա այս նկատառումներից ելնելով էլ` ՀՀԿ պատերի տակ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին ու Արմեն Գևորգյանին կոչում են «տրոյական ձի»:
«Հայացք» թերթի ունեցած հավաստի տվյալներով, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ընտրությունների կգնան անպայման դաշինքով: Հետաքրքիր է, որ նրանք չեն վախենում 7%-ի շեմը չհաղթահարելուց (երեի դրսից և ներսից դաբրո ունեն): Առավել հետաքրքիրն այն է, որ, թերթի աղբյուրների պնդմամբ, դաշինքի ցուցակում անցողիկ տեղերում ավելի շատ դեմքեր կլինեն «Ազատ դեմոկրատներից»: Մի բան հաստատ է. «Ժառանգությունից» առաջին հնգյակում կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ռուբեն Հակոբյանը:
Ի դեպ, «Ազատ դեմոկրատներից» մեկ-երկուսը այստեղ-այնտեղ շշուկով տարածում են, թե իրենք, փաստորեն, ՀՀՇ-ի Վանո Սիրադեղյանական թևն են:
Քննարկումներ նախագահականում.
«Հայացք» թերթի հավաստի աղբյուրները վկայում են, որ նախագահականում` երկրի ղեկավարների նեղ շրջանակներում, մի քանի անգամ քննարկվել է ՕԵԿ-ին աջակցելու հարցը: Ասում են`երկրի ղեկավարը համոզվել է, որ անհնար է ՕԵԿ-ին խորհրդարան մտցնելը և որոշել է ընդհանրապես չաջակցել ՕԵԿ-ին, որովհետև ռեսուրսների և ժամանակի անտեղի վատնում կլինի: Սակայն որպեսզի գոհացնեն Արթուր Բաղդասարյանին, մտադիր են ընտրություններից ամիսներ անց նրան նշանակել երկրի գլխավոր դատախազ: Իհարկե, սրան ընդդիմացողները քիչ չեն: Ասում են, որ եթե Սերժ Սարգսյանն այդպիսի քայլ անի, շատերը երանությամբ կհիշեն Աղվան Հովսեփյանի ժամանակները: Այս ամենը, անշուշտ, դեռ քննարկման փուլում է…
«Չորրորդ ինքիշխանություն» թերթի տեղեկությունների համաձայն` նախագահականում շատ ծանր են ընդունել Վարդան Օսկանյանի ընդգրկումը ԲՀԿ կուսակցության շարքերը, հատկապես «Երկիր Մեդիայից» նրա հնչեցրած քննադատությունը ՀՀԿ-ի վերաբերյալ, և Կոնգրեսի նկատմամբ վերջինիս անթաքույց ռեվերանսները: Նրանք կատարվածի գլխավոր մեղավոր են համարում ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանին, որին համարում են Սերժ Սարգսյանի «մարդը» ԲՀԿ-ում: Ըստ նրանց, Գալստյանը պետք է կարողանար խոչնդոտել Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ:
Զարմանազան.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ Հայաստանում ալյուրի թանկացման միտումները պայմանավորված են համաշխարհային շուկայում ցորենի գնի մոտ 25 տոկոս աճով: Ըստ հանձնաժողովի դիտարկումների, ալյուրը Հայաստանում արդեն թանկացել է միջինը 9 տոկոսով: Դրանով է պայմանավորված, մասնավորապես, Գյումրիում հացի թանկացումը:
Չնայած հացի շուկան ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրությունների շրջանակներում չէ, սակայն հանձնաժողովում հույս են հայտնում, որ նախկինում ձեռքբերված և կուտակված ցորենի ու ալյուրի հաշվին հացի գների աճը հնարավոր կլինի կանխել: «Դժվար է համակարծիք լինել ՏՄՊՊ հանձնաժողովի հետ: Եթե ցորենի և ալյուրի գները բարձրանան, հացի գինը, անկասկած, բարձրանալու է: Խնդիրն ընդամենը այն է, թե երբ է թանկանալու»,- գրում է թերթը:
«Առավոտ»-ը գրում է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանատունն իր հաղորդագրությունները մշտապես անգլերեն է տարածում, «մոռանալով», որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Երեկ թերթը իտալական դեսպանատանը կայացած «Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» գրքի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից հետաքրքրվել է` ինչո՞ւ դեսպանատունը չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը: Թերթը հիշեցնում է, որ այդ օրենքի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»:
Պարոն Սկապինին հայտարարել է, որ դա այն հարցը չէ, որի վրա արժե երկար կանգ առնել, ապա հավելել է. «Դա զուտ տեխնիկական խնդիր է: Պարզ է, որ ցանկացած երկիր ունի իր պաշտոնական լեզուն, սակայն գոյություն ունեն նաև, այսպես կոչված, փոխանցող լեզուներ, որոնք օգտագործվում են միջազգային հարաբերություններում: Բնականաբար դեսպանության համար մի փոքր դժվարություն կհարուցի ամեն հաղորդագրություն հայերենով տարածելը, որովհետև այդ դեպքում ամեն գրասենյակում ստիպված կլինենք ունենալ առնվազը մեկ թարգմանիչ: Դրա համար էլ միջազգային նորմերով սահմանված կարգով օգտագործվում է տվյալ երկրում ընդունված փոխանցող լեզուն, որը անգլերենն է: Ինձ, իհարկե, հաճելի կլիներ նման դեպքերում միշտ գրել իտալերեն, բայց եթե գրեի իտալերեն, դա արդեն հարգանքի բացակայության նշան կլիներ ընթերցողի հանդեպ: Այնպես որ, մենք օգտագործում ենք ամեն տեղ ընդունված, դիվանագիտորեն և միջագգայնորեն ճանաչված լեզու` անգլերեն»:
Զրույցին խառնվել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ու որոշել պաշտպանել դեսպանին, հայտարարելով, թե տվյալ պարագայում Հայաստանի հանդեպ հարգանքի բացակայության մասին խոսք լինել չի կարող: Իսկ ավելի ուշ, միջանցքում փոխնախարարը արդարացել է, թե ոչ մի երկրում իտալական կառավարությունը այդքան ներդրում չի անում, որքան Հայաստանում: Բայց չէ՞ որ լեզուն գույք չէ` պարտքի դիմաց:
«Ազգ»-ը գրում է, որ ատենախոսության մեջ առկա բազմաթիվ սխալները, թերություններն ու իրարամերժ կարծիքները, անգամ ռուսերեն լեզվի անհասկանալի գերակայությունը չխանգարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ստանալու պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
«Հայկ Դեմոյանը, իհարկե, բոլոր դիտարկումներին տվեց իր պատասխանները, չնայած հայերեն չգրելու վերաբերյալ բացատրությունը համոզիչ չէր. «Ես ստացել եմ հայերեն կրթություն: Բայց եթե ես այս աշխատանքը գրեի հայերեն լեզվով, մենք այստեղ նստած կլինեինք երևի 5-6 տարի առաջ, դա հեշտ տարբերակն էր: Որպես գիտնական` ես խնդիր եմ դրել գնալ ավելի բարդ ճանապարհով: Եթե ես աշխատանքը չգրեի ռուսերեն, չէի ստանա ԱՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ: Բայց որպես հեղինակ գտնում եմ` աշխատանքը պետք է ներկայացվի նաև մայրենի լեզվով»:
Հայկ Դեմոյանը, սակայն, չբացատրեց համոզիչ կերպով, թե ո՞րն էր հայերեն թարգմանելու դժվարությունը և ինչո՞վ է պայմանավորված ատենախոսությունը ռուսերեն ներկայացնելու հապճեպությունը»,- կարծում է թերթը:
Հետգրությամբ թերթը հավելում է. «Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը պատմաբան Գևորգ Յազըճյանն ասուլիսի ժամանակ ասել էր` կհրաժարվի իր գիտական աստիճանից, եթե մասնագիտական խորհուրդը Հայկ Դեմոյանից չպահանջի ատենախոսությունը հայերեն: Իր պայմանի համաձայն` Գևորգ Յազըճյանը երեկ հրաժարվել է գիտական աստիճանից»:
«Կեղծ» ու «անկեղծ» ընդդիմությունները՝ քով քովի
«Հայոց աշխարհ» օրաթերթը ներկայացնում է Վրեժ Ահարոնյանի հոդվածը՝ երեկ կազմակերպած ընդդիմությունների ակցիայի մասին.
«Հասարակության լիակատար անտարբերության պայմաններում երեկ իրենց ակտիվիստներին փողոց էին հանել ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը: «Համախմբվածության» նման սրտառուչ դրվագ հազիվ թե մեզանում հնարավոր էր պատկերացնել, բայց ահա ՀԱԿ-ը որոշեց կցվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, առանձնապես նախկին ախոյանին` ՀՅԴ-ին:
Անցյալ տարի այս օրերին ՀԱԿ առաջնորդը միտինգային հարթակից գանահարում էր թե Դաշնակցությանը, թե «Ժառանգությանը», հայտարարելով, թե նրանք «կեղծ ընդդիմություն» են, քանի որ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ըստ այդմ` նրանք «իշխանության կցորդն» են, իսկ ՀՅԴ գործիչներին անվանում էր «ական»-ավոր»:
Տեր-Պետրոսյանը այս ուժերին նաեւ բնութագրում էր որպես «չարակամներ» ու «արկածախնդիրներ», քանի որ նրանք փորձում են նսեմացնել, վարկաբեկել ու «մունդռել» ներքաղաքական կյանքում սպասվող «ամենանշանակալից իրադարձությունը»` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը:
Իսկ երեկ ահա նախկին ախոյանները հանդես էին գալիս «միասնական ճակատով»:
Ամիսներ առաջ, երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ սկսում է «Քվեն ուժ է» շարժումը եւ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին միանալ այդ շարժմանը, ՀԱԿ-ը քամահրանքով մերժեց սույն առաջարկը: Դե, այն ժամանակ «հեռու» էր թվում նախընտրական շրջանը, իսկ հիմա իսկը ժամանակն է հաճույքով արձագանքելու եւ մասնակցելու Դաշնակցության նախաձեռնությանը:
Բաց թողնել խորհրդարանի դիմաց ցույց անելու հնարավորությունը, իհարկե, ՀԱԿ-ը չէր կարող իրեն թույլ տալ, մանավանդ որ ակցիան նախորդում էր կոնգրեսի նշանակած մարտի 1-ի միտինգին: Եվ առիթն օգտագործելով` երեկ ՀԱԿ-ի ակտիվիստները խորհրդարանի դիմաց նաեւ միտինգի իրազեկման գործով էին զբաղված:
Երբ համախմբվում են երեք քաղաքական ուժեր, ենթադրվում է, որ նախատեսված ակցիան այս կամ այն չափով տպավորիչ է լինելու: Այնինչ խորհրդարանի դիմաց ոչ մի տպավորիչ բան չտեսանք: Արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերին հաջողվել էր ցույցի բերել ընդամենը 150-200 հոգու (անցած գարնանն ու աշնանը ՀԱԿ-ը պարծենում էր, թե իր միտինգներին 100 հազար մարդ է հավաքվում, լավ հնարավոր չէ՞ր գոնե մի քանի հարյուր հոգու երեկ բերել խորհրդարանի շենքի դիմաց):
Դե, փոքրաթիվ ակտիվիստներն էլ մի քիչ բղավեցին, մի քիչ երգեցին, մի քիչ վեր պարզեցին տարբեր վերտառությամբ պաստառները ու ցրվեցին:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ մինչեւ երեկ արդեն նշված ուժերը առանձին-առանձին հայտարարել էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում անպայման թեկնածուներ են առաջադրելու բոլոր 41 ընտրատարածքներում, եթե չհաջողեն իրենց պայքարում: Այսինքն` եթե չկարողանան համոզել խորհրդարանական մեծամասնությանը ԸՕ-ն փոփոխելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ամրագրելու հարցում:
Ստացվում է, որ ՀՅԴ-ի, «Ժառանգության» ու ՀԱԿ-ի պահանջը ձեւական բնո՞ւյթ ուներ: Կարծես թե այդպես է ստացվում, այլապես մեծամասնական առաջադրումների մասին ընդհանրապես չէին մտածի, եւ անկախ նրանից, թե իրենց պայքարը ինչ արդյունք է արձանագրելու, պետք է, որ բոյկոտեին մեծամասնական ընտրակարգը:
Եթե նման սկզբունքայնություն չեն դրսեւորում, նշանակում է, որ թերեւս իրավացի են նրանք, ովքեր պնդում են, թե ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ համամասնականի հարց բարձրացնելով՝ ընդդիմադիր ուժերը ուղղակիորեն զբաղված են նախընտրական PR ապահովելու գործով:
Ամենազավեշտականն այն էր, որ ՀԱԿ ակտիվիստների պարզած պաստառի վրա տեսանք Խաչատուր Սուքիասյանի ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարները. առաջինը մշտապես, իսկ երկրորդը 2010-ին առաջադրվել են որպես մեծամասնական թեկնածուներ:
Ինչեւէ, ամենածիծաղելին, իհարկե, այն էր, որ բոլորը խոսում էին հասարակության անունից: Կարծես հասարակությունը քնում-զարթնում էր միայն այն հոգսով, թե երբ են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համամասնականի համար պայքարելու միասնաբար: Եվ ընդհանրապես հասարակությանը մեծամասնականի վերացման խնդիրը բացարձակապես չի հուզում:
Եթե մեր հիշողությունը չի դավաճանում, նույն «հասարակությունը» մասնավորապես ՀԱԿ-ից այլ բան էր ակնկալում: Կոնգրեսը չորս տարի խոստանում էր հեղափոխություն անել, հետո` ապստամբություն, ավելի ուշ` թավշյա հեղափոխություն, դրանից հետո` քաղաքացիական անհնազանդություն եւ այդպես շարունակ: Իսկ հիմա համակարգող Զուրաբյանը այնպես է ճամարտակում, որ թվում է, թե անցած չորս տարիներին ՀԱԿ-ը պայքարել է միայն 100 տոկոս համամասնականին հասնելու համար:
Դե, իսկ «ճակատամարտ» բառը արդեն զվարճացնում է: Ահա համախմբված ճակատամարտ կտան ընտրակեղծիքները կանխելու համար, իսկ երբ, ասենք, ՀՅԴ-ն ընտրություններում ստանա 7 տոկոսից ավելի ձայն, իսկ ՀԱԿ-ը անհամեմատ պակաս կամ նույնքան տոկոս, այդ ժամանակ արդեն այսօրվա «դաշնակիցները» կսկսեն ճակատամարտել միմյանց դեմ` փորձելով ապացուցել սեփական ճշմարտությունը տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ»: