Իրանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Այսօր Իրանում պաշտոնապես մեկնարկել են 1979 թ.-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր 9-րդ Խորհրդարանական (Մեջլիսի) ընտրությունները: Ինչպես գրում է իրանական «PressTV.ir»-ը, մոտ 48 մլն. մարդ սպասվում է, որ կմասնակցեն ընտրություններին:

Ընտրություններին նախորդել է մեկշաբաթյան նախընտրական քարոզչությունը, երբ թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը հանրությանը: Իսկ հինգշաբթի օրը լռության օր էր հայտարարված:

Նշվում է, որ մոտ 3.9 մլն. մարդ ընտրություններին մասնակցելու է առաջին անգամ: Մոտ 1300 տեղական և 350 արտասահմանյան թղթակիցներ 174 միջազգային լրատվամիջոցների համար լուսաբանելու են ընտրությունները:

Իրանի Ներքին Գործերի նախարարը հայտնել է, որ ընտրական գործընթացին երկրում հետևելու են մոտ 850.000 դիտորդներ 47.000 ընտրատեղամասերում և 1000 ընտրատարածքներում:

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց, կասկած հայտնելով գործընթացի թափանցիկության հարցում: Ընտրություններից հրաժարված քաղաքական ուժերի շարքում է ընդդիմադիր Իսլամական Մասնակցության Ճակատը: Փորձագետների գնահատմամբ, նման պայմաններում իշխող պահպանողական կուսակցությունների «Աբադգարան» դաշինքը կարող է հաղթանակ ապահովել առանց դժվարությունների:

Իրանի ընտրություններին հետևում են գրեթե ողջ աշխարհում, քանի որ դրանք չափազանց կարևոր են Արևմուտքի համար: Իրանը նշանակալից դեր ունի Միջին Արևելքում և հանդիսանում է նավթի խոշոր արտահանող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում