Իգոր Մուրադյան. «Ընդդիմությունը կլոններ է ծնում»

«Երեւանյան հանրահավաքները յուրահատուկ ծես են դարձել, որտեղ տիրում է բացարձակ ճշմարտությունը, որը սփռում է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- գրում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը «Lragir.am»-ում հրապարակված իր հոդվածում: Այնուհետև հեղինակը շարունակում է.

«Ցավոք, վերջին երկու տասնամյակներին հայ ընտրողներն իրենց այնպես են պահում, որ ոչ մի ազնիվ մարդ ցանկություն ու հնարավորություն չունի որեւէ ընտրությունների մասնակցել որպես թեկնածու: Դրա հետ կապված, նախընտրական արշավները զուրկ են առարկայականությունից եւ կոնկրետ քաղաքական եւ տնտեսական խնդիրների քննարկումից:

Քաղաքական պայքարի ոչ մի սուբյեկտի չի հետաքրքրում, եւ նրանցից ոչ ոք պատկերացում չունի ոչ արտաքին քաղաքական, ոչ էլ տնտեսական խնդիրների մասին: Ընդդիմությունն անվերջ ստանդարտ ռեպլիկներ է անում կլանային համակարգի մասին, որը խանգարում է ամեն ինչին եւ միշտ: Դա ոչ ոք լուրջ չի ընդունում, որովհետեւ ընդդիմությունը հենց ինքը կլանային է եւ գործում է ինչպես կլանը: Կլան, որը կլոններ է ծնում:

Այնուամենայնիվ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչպես երբեք հավատարիմ է իր սկզբունքներին եւ քաղաքական որոշումների տեսլականին: Վերջին հանրահավաքին նա հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական խնդիրները ղարաբաղյան խնդրի եւ թուրքական սահմանի փակ լինելու հետեւանք են: Այդպիսով, եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին եւ թուրքական սահմանը բացվի, տնտեսական հարցերը կլուծվեն: Սա արդեն ոչ թե ադեկվատության սահմանն է, այլ դրանից այն կողմ: Ընդ որում, փաստացի, ոչ մի արձագանք չկա լրատվամիջոցների ու հեղինակների կողմից: Կամ դա լուրջ չեն ընդունում, կամ էլ իրենք էլ են նույն կարծիքին: Պատահական չէ, որ ՀՀՇ-ն եւ Դաշնակցությունը մասնակցում են համատեղ միկրոհանրահավաքների:

Նույնիսկ ընդդիմադիր տնտեսագետները չեն փորձում տնտեսական խնդիրներն այդպիսի գործոններով բացատրել: Ընդ որում, նշաններ կան, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համառորեն Լեւոնական խմբին խորհրդարան է տանում: Թերեւս, կարծում են, որ նրանք կարող են դառնալ առավել ընդունելի խորհրդարանական ընդդիմությունը: Կտեսնենք, թե ով ում համար կդառնա «ընդունելի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում