Այսօր Սպարապետ Վ.Սարգսյանի ծննդյան օրն է. Նախատեսված են մեծարման մի շարք միջոցառումների

Այսօր ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է. նա կդառնար 53 տարեկան: Այդ կապակցությամբ պաշտպանության նախարարությունը «Մեծարենք մեր հերոսներին» խորագրի ներքո մի քանի միջոցառումներ է անցկացնելու:

Նախ` նախատեսված է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորմասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի շիրմին, ապա ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորամասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի փողոցում` Սպարապետի կիսանդրու մոտ: Հիշատակի և ոգեկոչման արարողություն կանցկացվի ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում:

Ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն տեղի կունենա նաև ԼՂՀ-ում` Շուշի քաղաքում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Պաշտպանության նախարարության` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը երեկ նախաձեռնել էր հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան, հաղորդում ենՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:

Մրցաշարին մասնակցում էին ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 100 երիտասարդներ և նույն մարզի ավագ դպրոցների աշակերտներ: Մեկնարկից առաջ մասնակիցները ճանաչողական շրջայցով եղան նաև Վ.Սարգսյանի ռազմական ինստիտուտի թանգարանում, այնուհետև ծանոթացան ինստիտուտի ողջ կառուցվածքին:

Մրցաշարը անցկացվեց «Մենամարտ» մարզասարքի միջոցով, իսկ հաղթողները որոշվեցին` խփված թիրախների քանակով: Հաղթողներին և մրցանակակիրներին շնորհվեցին համապատասխան կարգի պատվոգրեր, իսկ 3 լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին նաև հուշանվերներով: Հատկանշական էր, որ մասնակիցների մեջ շատ էին նաև աղջիկները, ովքեր չէին զիջում խիզախությամբ և կրակելու վարպետությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների ընդհանուր ռազմամարզական մակարդակը և բարձր պահել հայրենասիրական ոգին:

«Միջոցառումը կկրի շարունակական բնույթ նաև այլ մարզերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար: Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ` բանակ-հասարակություն կապը ամրապնդելու համար: Եվ պատահական չէ, որ միջոցառումների հիմքն է Վ.Սարգսյանի ծննդյան օրը, որովհետև հայոց սպարապետը իր կյանքով և գործունեությամբ օրինակ պետք է լինի մեր երիտասարդների համար», – ասել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում