Մամուլն այսօր. Անակնկալների սպասում ՀՀԿ համագումարից
Նմանատիպ
Ընտրություններ.
«Իրավունք»թերթը գրում է, որ արդեն վաղը տեղի է ունենալու ներքաղաքական թիվ 1 իրադարձությունը, որին վաղուց են սպասում քաղաքական դաշտի բոլոր հատվածներում և որը շատ ու շատ հարցերի պատասխաններ է տալու: Խոսքը իշխող կուսակցության` ՀՀԿ-ի 13-րդ համագումարի մասին է: Ու թեև շատ է տարածված 13 թվի հետ կապված սնահավատությունը, սակայն դա ընդամենը ավարտված փուլից հետո նոր փուլի անցնելու խորհրդանիշ է. պատահական չէ, որ բուն հայոց օրացույցում կային 12 ամիսներ` 30-ական օրով, և 13-րդ ավելյաց ամիսը` 5 կամ 6 օրից էր բաղկացած:
«Վաղն իր աշխատանքները սկսող 13-րդ համագումարին, պետք է նշենք, որ հաստատ որոշակի անակնկալներ կլինեն, ու խոսքը լինելու է ոչ միայն նախընտրական մարտավարության ու ընտրությունների հետ կապված հարցերի վերաբերյալ, այլև որոշ սկզբունքներ այդտեղ կմշակվեն առաջիկա 5-10 և ավելի տարիների համար»,- եզրափակում է թերթը:
«Առավոտ»-ը հայտնում է, որՀՀ-ում Սեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը երեկ գտնվում էր Գյումրիում՝ Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ: Թերթը հետաքրքրվել է, թե դիվանագետի դիտարկմամբ` ինչպիսին էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: «Իմ կարծիքով դրական փոփոխություններ, անշուշտ, նկատվում են, օրինակ` Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում: Բայց նաև պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ` տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել: Սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, և առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձևով կանցկացվեն»,- ասել է տիկին Լիչը:
Զարմանազան.
«Չորրորդ ինքնիշխանություն»թերթը հայտնում է, որԵԱՀԿ նախագահող երկրի՝ Իռլանդիայի ԱԳ նախարար Իմոն Գիլմորը երեկ հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ կոչ է արել ԵԱՀԿ անդամ երկրներին, (բնականաբար,այդ թվում նաև Հայաստանին)իրականացնել գենդերային հարցերում ստանձնած պարտավորությունները՝ ներգրավելով կանանց ռազմա–քաղաքական,տնտեսական և էկոլոգիական,ինչպես նաև այլ ոլորտներում:Ուշագրավն այն է,որ Իռլանդիայի ԱԳ նախարարը ընդգծել է նաև կանանց մեծ դերակատարությունն ու անհրաժեշտությունը՝ հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության գործում ներգրավելու հարցում: «Կանանց մասնակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում և խաղաղ գործընթացներում կարևոր դերակատարություն ունի՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսություն ծավալելու համար»,-հայտարարել է նախարար Գիլմորը:
«Իրավունք»-ը գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության համագումարից հետո բազմաթիվ վրդովված զանգեր է ստացել: Ընթերցողները պնդել են, որ հայրենասիրական ճառերից իր կյանքում ճիշտ հակառակ քայլեր է իրականացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, ում որդին` 1991 թ. ծնված Վան Հովհաննիսյանը, վաղուց պետք է ծառայեր Հայկական բանակում: Սակայն Պուշկինի անվան դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ԱՍՆ և անգամ միտք էլ չունի վերադառնալ Հայաստան և ծառայել Հայկական բանակում: Այն, որ Վան Հովհաննիսյանը բնակվում է ԱՄՆ-ում, հաստատել է նաև «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանը, նշելով որ. «Վանը մանկուց է ԱՄՆ-ում գտնվում»:
«Ահա այսպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունը, որը սկսվում ու ավարտվում է խոսափողի մոտակայքում»,- եզրակացնում է թերթը:
«Առավոտը» գրում է. «Օրեր առաջ քաղաքացիական ավիացիայի նախկին պաշտոնյաներից մեկը կանխատեսել էր, որ «Արմավիա»-ին տանում են սնանկացման, քանի որ ինչ-որ մեկը աչք է դրել այս բիզնեսի վրա, որն էլ հավակնում է դառնալ ազգային ավիափոխադրող»։ Միխայել Բաղդասարովը, մեկնաբանելով այս և նմանատիպ այլ հայտարարություններ, թերթին ասել է. «Ես հազար անգամ ասել եմ՝ «Արմավիան» վաճառվում է, հազար անգամ էլ ասել եմ՝ «Արմավիան» չի վաճառվում։ Հիմա էլ ասում եմ՝ եթե ուզող կա, հիմա էլ հաճույքով կվաճառեմ։ Ո՞վ է ուզում գնել, մատով ցույց տվեք»:
Չնայած դրան, պարոն Բաղդասարովը հայտնել է, որ ՀՀ վարչապետը հանձնաժողով է ստեղծել, որն արդեն զբաղվում է այս հարցով. «Եթե նպաստավոր պայմաններ ստեղծեն, կաշխատենք, եթե ոչ՝ ուղղակի ի վիճակի չենք լինի աշխատելու»:
Թերթի հավելմամբ` «Տարիներ առաջ էլ հսկայական պարտքերի պատճառով սնանկացման տարան նաև «Հայկական ավիաուղիներ»-ին, ինչի հետևանքները մինչ օրս չեն կարողանում մարսել «Հայկական ավիաուղիների» բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ընկերությունը հարյուր հազարներով պարտքեր ունի մինչ այժմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում