Թերթերն այսօր. «Խայտաբղետ ու էքսցենտրիկ» ընտրացուցակների և անձնագրային խարդավանքների մասին

Ընտրություններ.

Չնայած նրան, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ն է, սակայն «Երկիր» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» համամասնական ցուցակները կհրապարակեն այս շաբաթվա վերջին: ՀՀԿ-ի ցուցակը կհրապարկվի հինգշաբթի` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: Ի դեպ, թերթի աղբյուրների համաձայն, այդ ցուցակի հետ կապված շատերը ցայտնոտի մեջ են, ոմանք իրենց շփոթված և անհանգիստ դեմքերը թաքցնել չեն կարողացել անգամ ՀՀԿ համագումարի օրը: ՀՀԿ-ի կրտսեր եղբայր ՕԵԿ-ը, հարգելով ավագ եղբորը, իր ցուցակը կհրապարակի ուրբաթ կամ շաբաթ: Շաբաթվա վերջին հանրության դատին համամասնական ցուցակը կներկայացնի նաև ՀՅԴ-ն: Իսկ «Ժառանգությունը» ցուցակը կհրապարակի կիրակի: ԲՀԿ-ն, չնայած մարտի 17-ի համագումարին, ցուցակ այս շաբաթ չի ներկայացնի:

«Ազգ» օրաթերթի թեթև հումորի բաժինն այսօրվա համարում գրել է. «Քաղաքական ուժերի գլխավոր հոգսն այժմ ընտրացուցակները «ով ավելի խայտաբղետ և էքսցենտրիկ» սկզբունքով կազմելու վարպետություն ցուցաբերելն է: Այս իմաստով բոլորից հետամնացն էլի ՀԱԿ-ն է լինելու կարծես, որտեղ ամենից «խուրդվող» կերպարները Լյուդմիլան ու Նիկոլն են, անգամ Ջհանգիրյանն այլևս չի կարող հավակնել ամենից բարձր գոռացողի տիտղոսին, քանի որ իշխանական ցուցակներից ամեն մեկում Տորք Անգեղի բամբ ձայնով մեկական թեկնածու առնվազն ընդգրկվելու է: Իսկ հատուկ խորհրդարանական աշխատանքի համար տարիներ բեմերում մշակված ձայներով պատգամավորացուներ, ցավոք, ՀԱԿ-ի ցուցակում չեն լինի, նույնիսկ հայտնի բռնցքամարտիկ Հակոբկոխյանը չի լինի, քանի որ մեր աստղ-մաստղերը հո չե՞ն գժվել, որ անհեռանկար ընդդիմության ցուցակ գնան` չոր, առանց քյար, առանց «Լեքսուսի» ու Հյուսիսային պողոտայի բնակարանի: Իշխանական ուժեփ ցուցակնե՛րն են յուղոտ ու մեղրոտ:

Ասում են` մեր բոլոր երգիչ-երգչուհիները, աստղ-աստղիկները դառնալու են իշխանական համամասնական ցուցակների զարդուզարդարանքը` նայողի արմանք-զարմանքն առաջացնելով քարոզարշավին, քանի որ տարիներով մեր էկրաններին այս կերպարները որպես հասարակության սերուցք ներկայացնելիս (և իսկական սերուցքին դուրս մղելիս) մեր «տելեշնիկները» կարգին քրտնել են ապագա որակյալ խորհրդարանի հերթափոխ պատրաստելու համար, հո նրանց ջանքերն ի դերև չե՞ն ելնելու: Շուշանն, օրինակ, Աժ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ կլինի` ո՞ւմ վերջը, որ մի հատ երգի «Ես մի զարկն եմ քո բազկի», պատգամավորները մշակութային նոկաուտ կստանան ու կքվեարկեն անգամ սեփական մոր դեմ ուղղված նախագծին կողմ, դե ՀՀԿ մտնելն էր պակասում, էն էլ մտավ: 

Բայց էդ դեպքում պետք է Սոս Պետրոսյան-կրտսերին (Սոս Պետրոսյանը, կարծում ենք, չի նեղանա) նույնպես ՀՀԿ կամ ԲՀԿ ցուցակ մտցնել, քանի որ ընտրողներին հիպնոսելու հարկ ևս կլինի և´ քարոզարշավի ընթացքում, ու հատկապես` ապագա խորհրդարանի քվեարկության կոճակները սեղմելու պահով: Ասում են` նաև Աժ դահլիճն այս ընթացքում մի լավ վերակառուցվելու է` այստեղ պոդիում և փոքրիկ բեմ են տեղադրելու նախագահության հետևի ազատ տարածքն օգտագործելով, քանի որ քվեարկությունների ժամանակ Աժ դահլիճ կանչվող պատգամավորներին` երգիչ-մոդել-հաղորդավար պատգամավորների փոքրիկ շոուներ են խոստացվում, քվեարկության դիմաց որպես բարտեր:

Դե, իսկ քանի որ բռնցքամարտի, ծանրամարտի ու նույնիսկ շախմատի աշխարհի չեմպիոններ են լինելու «առաջադրում և ինքնաբացարկ` փողի դիմաց» հնարքից: Այն է` օլիգարխի դիմաց մեծամասնականով առաջադրվում ես, հետո վերջին պահին, նրան բավական «քցելով» (գները տատանվում են 25-ից 100 հազար դոլարի սահմաններում, տե´ղն է նրանց, չեն աղքատանա)` համ օլիգարխին ես օժտում լուսապսակով` իբր այլընտրանք ունեցող թեկնածու է, համ էլ սուսուփուս օգտվում ես Օստապ Իբրահիմովիչի ասած փող աշխատելու 500 «ազնիվ» եղանակներից մեկից: Ուշ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ 2-րդ ընտրատարածքում առաջադրվել է գործարար Ալբերտ Սարգսյանը, իսկ 19-րդում` գեներալ Սեյրան Սարոյանը: Հապա՞: էսօր-վաղը հայտնի կլինի ընտրացուցակային կլոունադայի ողջ համալիրը` կխոսենք»:

«Հրապարակ»-ը գրում է, որ կիրակի օրը տեղի է ունենալու մի միջոցառում, որի ընթացքում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բաժանելու է ՀՀԿ անդամատոմսեր: Թերթը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ, այդ միջոցառման ժամանակ կուսակցական անդամատոմսեր են ստանալու գործող պատգամավորներ Մխիթար Վարագյանը, Հակոբ Հակոբյանը և Վիկտոր Դալլաքյանը: Ինչպես նաև մարդիկ, ովքեր կլինեն ՀՀԿ համամասնական ցուցակում: Մասնավորապես նշվում են երգչուհի Շուշան Պետրոսյանի և «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանի անունները:

Անձնագրային խարդավանքներ.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Մալաթիա-Սեբաստիայում ծավալվող լուրերի համաձայն՝ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են որոշակի թվով անձնագրային տվյալներ ներկայացնել: Մասնավորապես, շարքային աշխատողներին` վաճառողներին կամ բանվորներին ասվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 35 հոգու անձնագրային տվյալ ներկայացնի: Անհրաժեշտ անձնագրային տվյալների թիվը, ըստ աշխատողի ունեցած դիրքի, բարձրանում է 100-ի, 200-ի և այսպես շարունակ: Ըստ նույն լուրերի, այս գործընթացը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը. նա է անձնագրային տվյալների «պլանները» սահմանում և վերահսկում, որպեսզի դրանք իրականացվեն:

«Հայացք»-ի հաղորդմամբ՝ «Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութի հետ համագործակցող «Նորվիկ» վարկային կազմակերպությունը մարդկանց բջջային հեռախոսներին այս օրերին ակտիվորեն հաղորդագրություններ է ուղարկում` կոչ անելով գնումներ կատարել «Վեգայից»: Հաղորդագրությունում նշվում է հետևյալը. «Հարգելի «Նորվիկի» հաճախորդ, մինչև ապրիլի 7-ը «Վեգա» խանութներում ձևակերպեք ապառիկ տեղում, միայն անձնագրով, և ստացեք նվեր»: «Վեգան» էլ իր հերթին է հաղորդագրություններ ուղարկում` մարդկանց անուն-ազգանունները հաղորդագրությունում նշելով և տեղեկացնելով, որ հաճախորդները կարող են առանց կանխավճարի և առանց աշխատանքի վայրից տեղականք բերելու ապառիկ պայմաններով ապրանք վերցնել: Երբ մարդիկ հաղորդագրությունում նշված հեռախոսահամարով զանգահարում են խանութ, այնտեղից հաստատում են, որ 0% կանխավճարով և առանց աշխատավարձի մասին տեղեկանքի կարող են ապառիկ ձևակերպել:

Սակայն պարզվում է, որ այս ակցիայի կազմակերպիչները ոչ թե մարդասիրական նպատակներ են հետապնդում, այլ խաբեությամբ հնարավորինս շատ հաճախորդներ են փորձում ներգրավել:

«Հայացք»-ը «Վեգայի» հսճախորդներից ստացել է բողոքներ այն մասին, որ մարդկանց կանչում են խանութ, ժամերով սպասեցնում, իսկ վերջում համակարգչային ծոսգիրը որոշում է, որ ապառիկն առանց կանխավճարի կամ առանց աշխատանքի վայրից տեղեկանքի հնարավոր չէ ձևակերպել:

«Վեգա գրուպի» տնօրեն Մարինա Պողոսյանը պատասխանատվությունը «Նորվիկի» և իրենց հետ համագործակցող բանկերի վրա է գցել` նշելով, որ բանկերն են «հրավիրում» հաճախորդներին, բանկերն էլ մերժում են տարբեր պատճառաբանություններով:

Զարմանազան.

«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից փորձել է իմանալ, թե արդյո՞ք ճիշտ են շրջանառվող լուրերն այն մասին, որ Արմավիրի դպրոցներում մարտի 8-ի կապակցությամբ նվերներ են բաժանվել դպրոցների տնօրեններին, որոնք ընդունել են միայն ՀՀԿ-ականների կողմից ուղարկված նվերները, իսկ ԲՀԿ-ականների մատուցած նվերները, տվյալ պարագայում` տորթերը, համարել են ընտրակաշառք եւ հետ են ուղարկել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չի հերքել այս լուրը: Ավելին` հաստատելով, նշել է. «Ընդամենը մեկ թե երկու տեղ է նման դեպք եղել»: Նա նաև փոխանցել է. «Ես խոսել եմ դպրոցների տնօրենների հետ, պարզվեց, որ առանց տնօրեններին տեղյակ պահելու ինչ-որ մարդիկ նվերներ են բաժանել և դա էլ եղել է նվերների` ետ տալու պատճառը: Մի քիչ հարգանքի նշան է, որ առանց տվյալ հիմնարկի ղեկավարին տեղյակ պահելու` ինչ-որ բան են բաժանում: Մնացած տեղերում ընդունվել են»: Մարզպետը հարկ չի համարել պատասխանել հարցին, թե եղե՞լ են դպրոցներ, որոնց տնօրենները զգուշացված են եղել, բայց, այնուամենայնիվ, միայն ՀՀԿ-ի նվերներն են ընդունել: 

Մինչդեռ, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական մարզային «գործիչներն» են հրահանգել տնօրեններին հետ ուղարկել ԲՀԿ-ի ուղարկած տորթերը` հայտարարելու, թե իրենք ընտրակաշառք չեն ընդունում:

«Հրապարակ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարից հետո դժգոհություններ են հասունացել ՀՀԿ երիտթևում: Բարձր դիրքերում հայտնված նախկին երիտասարդ ՀՀԿ-կանները սկսել են առաջ քաշել յուրայիններին, ինչը բողոքի տեղիք է տվել: Բանն այն է, որ համագումարում ՀՀԿ խորհրդի կազմում երիտթևի քվոտայով ընդգրկվել են մի քանի երիտասարդներ, որոնց հովանավորում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանը: Նրանց մեջ են Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը և Կարեն Ավագյանի մոտիկները, որոնք, ըստ ՀՀԿ-ականների, չեն փայլում ոչ իրենց ակտիվությամբ, ոչ էլ ինտելեկտով: Խորհրդի անդամների այսօրինակ ընտրությունից դժգոհ երիտասարդները, թերթի հավաստի աղբյուրների համաձայն, պատրաստվում են առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին նամակ գրել` պատռելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի դիմակը և ՀՀԿ նախագահին ներկայացնել նրա ինքնագործունեությունը: Ասում են` նամակը շատ կտրուկ է լինելու, ընդհուպ գիտությունների դոկտոր Կարենին երիտթևի առաջնորդի պաշտոնից հեռացնելու պահանջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում