Մաշտոցի պուրակում առայժմ խաղաղ է. Ժամը 13:00-ին սպասվում է կրպակների ապամոնտաժումն ակտիվիստների կողմից

Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակների ապամոնտաժման հարցը շարունակում է չլուծված մնալ:
Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները պատրաստվում են ժամը 13:00-ին սեփական ուժերով սկսել կրպակների ապամոնտաժումը: Այդ մասին նրանք ավելի շուտ հաղորդագրություն էին տարածել՝ զգուշացնելով Ոստիկանությանը չմիջամտել և չխանգարել իրենց գործին:
Ոստիկանությունն իր հերթին հաղորդագրություն էր տարածել և անձամբ զգուշացրել ակտիվիստներին, որ իրենց մտադրությունն անօրինական է. «Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից»,- մասնավորապես ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նույնպես իր մտահոգությունն էր արտահայտել ակտիվիստների այս հայտարարության կապակցությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ինքնագործունեությունից. «Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը և հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միևնույն ժամանակ կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների»,- նշել է Կ.Անդրեասյանը՝ շեշտելով, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ:
Այս պահին համեմատաբար խաղաղ իրավիճակ է պուրակում: Տարածքում կատարվում են որոշակի շինարարական աշխատանքներ: Ակտիվիստների թիվը դեռևս մեծ չէ: Այժմ նրանք ապահովում են ուղիղ միացում պուրակից, սակայն նշվում է, որ այն կդադարեցվի ժամը 13:00-ին: Ակտիվիստները խնդրով հետաքրքրվող բոլոր անձանց կրկին կոչ են անում իրենց հայտարարած ժամին անպայման լինել պուրակում և աջակցել իրենց գործողություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում